06 04 2024

Ի՞նչ կարող է անել Նիկոլը 270 մլն եվրոյով. Վրաստանի օրինակը․ Վահե Սարգսյան

Ի՞նչ կարող է անել Նիկոլը 270 մլն եվրոյով. Վրաստանի օրինակը․ Վահե Սարգսյան

Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրոպական դիվանագիտության ղեկավարի բրյուսելյան ճեպազրույցից պարզվեց, որ ՀՀ-ին Արևմուտքը առաջիկա 4 տարում 270 մլն եվրո դրամաշնորհ կտա (կոպիտ ասած՝ տարեկան 70 մլն):

ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարեց, որ 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն կտան «Հայաստանի ջանքերի» համար։

Իսկ եթե հիշենք դառը փորձն ու փաստենք, թե 2021 թ. (Արցախի հրեշավոր վաճառքի փուլում), ինչ եղավ Եվրամիության խոստացած 2,6 մլրդ եվրոն (պարզվեց՝ ինչ-որ վարկեր են), ապա հասկանալի կդառնա նաև այս թատերաշրջանի բրյուսելյան ներկայացման իմաստը:

Համեմատելու համար, թե 270 մլն եվրոն ինչ փող է և, հաշվի առնելով, որ Փաշինյանի խմբակը սիրում է ասֆալտով «կերակրել» հասարակական միտքը՝ բերենք Վրաստանի օրինակը: Ի դեպ, այն նախագիծը, որը ներկայացնելու ենք, ՈՒՆԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ: Բայց, քանի որ Փաշինյանի գավառական ճարպիկ-չարչիների իշխանության երազանքը, մոլուցքը դեպի թուրք-ադրբեջանական շուկան ու ճանապարհներն են, ապա ՀՀ-ում գրեթե չի խոսվում, կարևորվում ու արժևորվում վրացական այս շրջադարձային նախագիծը:

Եվ այսպես, հաշվի առնելով Սահակաշվիլու արևմտաթուրքամետ ռեժիմի (իմա՝ Փաշինյանի) սխալները՝ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խորացման և այդ շրջանակներում հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային համակարգի զարգացման խնդիրը վրացական կողմի համար դարձել է գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Վրաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող խոշոր ծրագրերից է դեպի ՌԴ սահմանային անցակետ տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-ՌԴ սահման (Վերին Լարս) ավտոմայրուղու ամենադժվարանցանելի՝ Կոբի-Գուդաուրի հատվածը շրջանցող Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը։

Վրաստանի ճանապարհաշինության պատմության մեջ խոշորագույններից մեկը համարվող հավակնոտ այս ծրագրի՝ նոր ճանապարհի կառուցման նախագիծը հաստատվել է 2019 թ., շինարարությունն սկսվել է 2020 թ. սեպտեմբերին, այն կավարտվի մինչև 2024 թվականը ։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդհանուր 23 կմ երկարությամբ 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, վերականգնվում է 1 կամուրջ։

Թունելներից առանձնանում է 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկը աշխարհում (համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը)։

Նոր ճանապարհը Քվեշեթի – Կոբի հեռավորությունը կկրճատի 11 կմ-ով (գործող ճանապարհը 34 կմ է, կառուցվողը՝ 23), երթևեկության տևողությունը՝ մինչև մեկ ժամով (Թբիլիսի-Ստեփանծմինդա երթևեկությունը 2,5 ժամի փոխարեն կտևի 1 ժամ 45 րոպե), իսկ կոնկրետ այդ վտանգավոր ու դժվարանցանելի հատվածում մեր վարորդները 1 ժամի փոխարեն (իսկ ձմռանը մշտապես փակվելու պայմաններում վարորդներն օրերով սպասում են) արդեն հարմարավետ ու անվտանգ ճանապարհի վրա շուտով կծախսեն ընդամենը 15 րոպե:

Նոր ճանապարհով հնարավոր կլինի զարգացնել մինչև 80 կմ/ժամ արագություն (գործող մայրուղու տվյալ հատվածում 30-35 կմ/ժամ առավելագույն թույլատրելի արագության փոխարեն):

Վերջապես, խոշոր այս նախագիծը երթևեկողներին կազատի հայտնի Խաչի լեռնանցքի (ռուս.՝ Крестовый перевал, վրաց.՝ ჯვრის უღელტეხილი) չափազանց վտանգավոր և ձնահոսքերի պատճառով հաճախակի փակվող հատվածից, որտեղ գտնվում է Ռազմավիրական ճանապարհի ամենաբարձր կետը՝ 2 395 մ:

Այսինքն՝ ընդամենը ամիսներ անց հայ բեռնափոխադրողները կազատվեն այն անտանելի պայմաններից, որն առաջանում է եղանակի ամեն մի վատացման հետ:

Իսկ հիմա, ուշադրություն, ՀԱՍՆՈՒՄ ԵՆՔ ԱՍԵԼԻՔԻ ԱՄԵՆԱԴԱՌԸ ՊԱՀԻՆ. Քվեշեթի-Կոբի ճանապարհի ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ($ 415 մլն) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ($ 60 մլն) և Վրաստանի կառավարության ($ 83,6 մլն) միջոցներով, չինական երկու խոշորագույն ընկերությունների միջոցով, և ԴՐԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 1,2 ՄԼՐԴ ԼԱՐԻ (558,6 մլն դոլար) (այսօրվա կուրսով՝ ՄՈՏ 413 ՄԼՆ ԵՎՐՈ):

Ընդամենն այսքանը: Դատեք ինքներդ, թե ինչ կարող է անել Նիկոլի խմբակը տարեկան այդ խղճուկ 70 մլն եվրոյով: Մի կամուրջ, մի թունել, միգուցե նաև մի քանի կմ ճանապարհ...

Եվ դրա դիմաց՝ հազարավոր կմ բարեկարգ ճանապարհներ Արցախում, Արցախ-արժեքն ամբողջովին, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, այսօր արդեն՝ Երևան-Մեղրի (Տիգրանաշենը) ու Երևան - Թբիլիսի (Կիրանց-Բաղանիս հատվածը 5 տեղով) մայրուղիները, միջպետական գազատարն ու ՀՀ-ի ապագան...։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ