Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հուլիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով հանդիպել ենք ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք Հրվ․ Կովկասի անվտանգային խնդիրներին, Արցախյան հակամարտության կարգավորման մեր տեսլականին, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանյան «ժողովրդավարությանը»։
Շեշտել ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը հիմնված լինի արդարության վրա, իսկ արդարությունը պահանջում է՝ ա․ արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում, արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրում ու ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի հիմնախնդրի կարգավորում, բ․ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ, գ․ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից և առանց ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի իրական սահմանազատում, այլ ոչ թե պարտադրված անվերապահ կապիտուլյացիա, դ․ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում և այլ թշնամական գործողությունների դադարեցում։ Հյուրերի ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը «խաղաղություն» ասելով հասկանում է Հայստանի ինքնիշխանության վերացում։ Քննադատել ենք Հայաստանի իշխանությունների պարտվողական և անվերջ միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Հյուրերին կոչ ենք արել ճնշում բանեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա՝ հրաժարվելու Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելուց։
Ինչպես նշեցի, անդրադարձել ենք «ժողովրդավարության բաստիոնի» ոչ ժողովրդավարական քաղաքականությանը, քաղաքական բանտարկյալների առկայությանը, ոստիկանական բռնություններին և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը