168.am-ը գրում է․ Վերջին օրերին իշխանությունն աննախադեպ որս է սկսել Արցախի Հանրապետության նախկին քաղաքապետերի նկատմամբ: Վերջիններիս Նիկոլ Փաշինյանը հիմնականում «մեղադրում է» խարդախության եղանակով գույք հափշտակելու մեջ: Այդպիսի մեղադրանքներ են ներկայացված Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերին: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Մարտակերտի քաղաքապետ, 65-ամյա Միշա Գյուրջյանը կալանավորվեց հայտնի նիկոլական թմբկահար Դավիթ Արղամանյանի կողմից, իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց մայիսի 25-ին:
Խնդիրն այն ավտոմեքենաներն են, որոնցով քաղաքապետերն Արցախի բռնի տեղահանության օրերին հասել են Հայաստան: Ասկերանի քաղաքապետը, օրինակ, բացի իր ընտանիքից, ևս 3 ընտանիք էր իր հետ բերել: Այդ մեքենաներն Արցախի Հանրապետության համապատասխան քաղաքների քաղաքապետարանների հաշվեկշիռներում գրանցված մեքենաներ են, ու հիմա Հայաստանի իշխանությունը քաղաքապետերին մեղադրում է ապօրինի կերպով այդ ավտոմեքենաներն օտարելու մեջ: Կարճ ասած՝ ասում է՝ ինչո՞ւ եք մեքենաները բերել, թողնեիք Ադրբեջանին, ինչպես մենք թողեցինք ամբողջ Արցախը:
Զավեշտ է և աղետ, երբ Արցախի նկատմամբ որևէ իրավազորություն չունեցող ՀայաստաննԱրցախի պաշտոնյաների նկատմամբ Արցախի Հանրապետության պետության կողմից տնօրինման հանձնված գույքի վերաբերյալ Հայաստանում քրեական վարույթ է հարուցում ու մարդկանց կալանավորում: Ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանի կառավարությունն ասում է, որ որևէ իրավազորություն չունի Արցախի նկատմամբ, որ Արցախն Ադրբեջան է, ու վերջ, ու հիմա հանկարծ, երբ երկրում տեղի են ունենում ընդդիմադիր հուզումներ, հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ Տավուշի տարածքների հանձնման, հիշեցին, որ Արցախի գույքի նկատմամբ պահանջներ ունեն:
Արցախից Հայաստանի հրաժարումը, բացի քաղաքականից, պիտի ունենա և ունի նաև իրավական հետևանքներ: Հենց նույն կերպ է վարվում Ադրբեջան պետությունը՝ իր իրավազորությունը տարածելով Հայաստանից ու Արցախից որպես նվեր ստացած տարածքների վրա:
Արցախի ժողովուրդը դավաճանված, այս իշխանության կողմից մազապուրծ՝ հասել է Հայաստան, այն ժողովուրդը, որին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ Հայաստանի քաղաքացի չի համարում: Ուրեմն ո՞ր իրավունքով է նա ձերբակալում ու կալանավորում Արցախի պաշտոնյաներին:
Հետաքրքիր է՝ ԱրգիշտիՔյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն (ՔԿ) չի՞ մտածում, ասենք, Բելգիայում կամ Ռուսաստանում, կամ լավ, գոնե Մոզամբիկում իրավախախտում արած որևէ հայի վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին:
Ո՞նց է հնարավոր այսչափ էժանացնել իրավաբանությունն ու ողջամիտ տրամաբանության վերջին փշրանքները կորցնել՝ հանուն մեկ անձի քմահաճույքների, հանուն նրա, որ Արցախի քաղաքապետերն իրենց ժողովրդի գլխին չկանգնեն Հանրապետության հրապարակում:
Հիմա հարց՝ եթե ձեր տրամաբանությամբ՝ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանից էլ այդ մեքենաների ճակատագրով չեն հետաքրքրվում (թե՞ հետաքրքրվում են, և նրանց պահանջն եք կատարում.- Ս.Գ.), դուք ի՞նչ գործ ունեք այլ պետության գույքի հետ, ինչո՞ւ եք քայքայվում այդ գույքի համար:
Թե՞ Հայաստանի քննչական կոմիտեն դեռևս վստահ է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ու չի համակերպվում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրեջանի կազմում ճանաչելու իրողության հետ: Քննիչներն ո՞ւմ դիմումներով կամ դրդմամբ են ջանասիրաբար քրեական գործեր հարուցում Արցախի պետական մարմիններին կամ տեղական իշխանություններին պատկանող գույքի հափշտակման, յուրացման դեպքերով և նույնիսկ կալանքի միջնորդություններ ներկայացնում Հայաստանի դատարաններ:
Թե՞ մեր երկրում բոլոր հանցագործությունները բացահայտել վերջացրել են, մնացել է իրենց «բարեկամ» Ադրբեջանի տարածքում եղածները բացահայտեն:
Հ.Գ.
1. Ի դեպ անդրեասյանական դատարաններն էլ բավարարում են կալանքի միջնորդությունները:
2.Փառք տանք Աստծուն, որ կալանավորվածներին չեն հանձնումԱդրբեջանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը