03 05 2024

ՀՀ-ում ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում ԱԺ-ն է․ Արթուր Խաչատրյան



Բոլոր հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում ԱԺ-ն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման այդ պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Այնպես որ, նախագահողներին եմ դիմում, երբ իրենք սանկցիներ են կիրառում, հաշվի առնեն, որ իրենք վարկաբեկում են այս հաստատությունը, այս ինստիտուտը։ Գոնե պարոն Արշակյանը որպես նախարար գիտի, որ եթե նախարարությունում որևէ բան այնպես չի գնում օրինակ, ռազմական ցուցահանդեսին զենքի փոխարեն բրոշյուրներ են ուղարկում, ում էլ ուզում եք մեղադրեք, բայց դա գերատեսչության ղեկավարի բացթողումն է»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ ի տարբերություն ԱԺ-ի, ամենաբարձր հեղինակություն ունեցող հաստատությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, այնպես որ, քննադատելով Եկեղեցուն մի հատ նայեք՝ դուք, մենք բոլորս ինչ խայտառակ վարկանիշ ունենք։

«Կարծում եմ՝ տիկին Ջուլհակյանն էր, ասում էր՝ եթե Հայաստանում դիկտատուրա է՝ դուք ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք։ Դրան էլ ենք հասնելու, տիկին Ջուլհակյան, երբ ոստիկանը իմանալով հանդերձ՝ ում են ձերբակալում, ինքը դա անում է գիտակցաբար։ Երևի տեսել եք այն, որ բանդերլոգները հարձակվում են Բալուի վրա, այդ ձևի տարել նստացրել են մեքենա։ Գնում, հասնում ենք Ոստիկանություն, մարդը այսպես բարի աչքերով ասում է՝ մենք քեզ բերման չենք ենթարկել։ Ասում եմ՝ իյա՞ բարև, բա էստեղ ի՞նչ եմ անում, ասում է՝ եսիմ։

Մի հատ կարո՞ղ եք բացատրել, բա ես կամավոր ո՞նց հայտնվեցի Հարազդանի բաժնում։ Ես հույս ունեմ՝ դատախազությունը դրան պատշաճ կերպով կարձագանքի և նաև այդ հրաշափայլ տելեպորտացիայի մասին կխոսա»,- նշեց նա։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ