ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում բարձր է գնահատել Ալիևի անցած շաբաթվա հայտարարությունը, ըստ որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը:
«ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը», - նշված է Պետդեպի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բլինքենի հետ զրույցում Ալիևը հայտնել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին՝ դրական քայլ անվանելով այն։
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը