Վահագն Մախսուդյանը՝ Կիրանց գյուղում բողոքի ցույցերի ակտիվ մասնակից, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին, կալանավորվեց երկու ամսով։ Մեկական ամսով էլ կալանավորվեցին տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանը և Վահան Անանյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, առանձնակի դաժան բռնությամբ ձերբակալել էին Վահագն Մախսուդյանին։ Ինչպես փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր գրել, նա մեղադրվում է, որ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն:
Վահագն Մախսուդյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանն է։ Այս անձին սովորաբար հանձնվում է ընդդիմադիրների կալանքի գործերը։
Նա է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին կալանք տված դատավորը, նա էր կալանք տվել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, այնուհետև փոխել տնային կալանոքով՝ արգելելով Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելել։
Մսասիս մելքոբյանը դատավոր է արդեն մեկ տարի։ Մինչ դատավոր դառնալը, համաձայն մամուլի հրապարակումների և բաց աղբյուրների, աշխատել է խոպանում, եղել է ՌԴ քաղաքացի և բնակվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում, զբաղվել բիզնես գործունեությամբ, համասեփականատեր է ճանապարհաշինական և ռեստորանային բիզնեսներում։ Նրա կենսագրականում գրված է, որ 2010-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, դարձել Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, որը տնօրինում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Մասիս Մելքոնյանն այդ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պարտվել՝ կուսակցության հետ միասին։
Չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։
Մասիս Մելքոնյանը երբ առաջադրվել էր դատավորի թեկնածու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, սակայն ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։ Սակայն նա դատավորի պաշտոնը ստանձնեց իրավունքի ուժով։
Հիշեցնենք նաև կոռուպցիոն սկանդալի մասին․ համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:
Մասիս Մելքոնյանն այն քիչ դատավորներից է, որոնց «բաժին են հասնում» ընդդիմադիր գործիչների կալանքի գործերը, և նշանակում է կալանք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը