24 02 2024

-1 վարկանիշ ունեցող դատավորի որոշում, և ինֆարկտի հասցված հերոսի հայր

-1 վարկանիշ ունեցող դատավորի որոշում, և ինֆարկտի հասցված հերոսի հայր

 

44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունք: «Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտնում է, որ Գարիկ Գալեյանի վիճակը ծանր է, և առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը: 

Նշենք, որ Գարիկ Գալեյանը բազմիցս նշել է, որ ինքն ամեն օր այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին, իսկ դատավորի որոշմամբ այցերը Եռաբլուր արգելվել են, ինչը ազդեցություն է թողել նրա առողջական վիճակի վրա։

Վերջին՝ փետրվարի 21-ի դատական նիստով Գարիկ Գալեյանի՝ տնային կալանք խափանման միջոցը երկարացվեց։ Միաժամանակ, դատարանը մերժեց յուրաքանչյուր շաբաթը մեկ որդու շիրիմին այցելելու միջնորդությունը։

Իսկ ո՞վ էր դատավորը։ Դատավորը Մասիս Մելքոնյանն է, որը դատական համակարգում նոր, բայց աղմկահարույց դեմք է։ Դատավոր է աշխատում շուրջ 10 ամիս։

Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը, համաձայն մամուլի հրապարակումների և բաց աղբյուրների, աշխատել է խոպանում, եղել է ՌԴ քաղաքացի և բնակվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում, զբաղվել բիզնես գործունեությամբ, համասեփականատեր է ճանապարհաշինական և ռեստորանային բիզնեսներում։ Նրա կենսագրականում գրված է, որ 2010-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, դարձել Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, որը տնօրինում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Մասիս Մելքոնյանն այդ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պարտվել՝ կուսակցության հետ միասին։

Չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։ 

Մասիս Մելքոնյանը երբ առաջադրվել էր դատավորի թեկնածու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, սակայն ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։ Սակայն նա դատավորի պաշտոնը ստանձնեց իրավունքի ուժով։

Հիշեցնենք նաև կոռուպցիոն սկանդալի մասին․ համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:

Մասիս Մելքոնյանը չնայած դատավոր է շուրջ 10 ամիս, սակայն հասցրել է տեղ զբաղեցնել ամենաբացասական վարկանիշ ունեցող դատավորների շարքում՝ «-1» գնահատականով։ 

Մասիս Մելքոնյանն այն քիչ դատավորներից է, որոնց «բաժին են հասնում» ընդդիմադիր գործիչների կալանքի գործերը, և նշանակում է կալանք։

Ամենաաղմկահարույց գործերից էր ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի գործը, ում Մասիս Մելքոնյանը կալանքի տարավ՝ կարմիր բերետավորների նկատմամբ ուժ գործադրելու, նրանց ծեծի ենթարկելու մեղադրանքով, այն դեպքում, երբ համացանցը լցված էր տեսանյութերով, որ ոչ թե Լևոն Քոչարյանը, այլ բերետավորներն են ծեծում։

Մասիս Մելքոնյանը երբ քննում էր Լևոն Քոչարյանի գործը, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, քանի որ, փաստաբանների միջնորդության համաձայն, որպես նախկինում քաղաքական դերակատար և փաստաբան, ունեցել է որոշակի դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի անձի և նաև, որպես քաղաքական և պետական գործչի հանդեպ, ու այդ դիրքորոշումը կրել է բացառապես բացասական վերաբերմունք։ Իսկ Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի որդին է, հետևաբար, բացասական վերաբերմունքն հնարավոր է ունենա նաև նրա նկատմամբ: Մասիս Մելքոնյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել և կալանավորեց Լևոն Քոչարյանին։

Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց միայն ԱԺ պատգամավոր ընտրվելու արդյունքում։ Այն էլ՝ դատավորը ստիպված էր ազատ արձակել, քանի որ կար Սահմանադրական դատարանի որոշում։

Մասիս Մելքոնյանը, իրականում, ըստ մեզ, իրավունք չուներ քննելու որևէ ընդդիմադիրի գործ, քանի որ 2022 թվականին, երբ մեր երկրում Դիմադրության շարժման ակցիաներն էին, ինքն էլ նիկոլական քաղաքական գործիչ էր, մեղադրում էր ակցիայի մասնակիներին, քննադատում էր։

Սակայն հատկապես նրան է մակագրվում ընդդիմադիրներին, հակաիշխանական ակցիաների մասնակիցներին կալանավորելու գործերը և նա կալանքի է տանում։ Այս անգամ կալանավորել էր, ապա տնային կալանք տվել Նիկոլ Փաշինյանին իր որդու մահվան մեջ մեղադրող, հակաիշխանական ակցիաների բազմիցս մասնակցած Գարիկ Գալեյանին, որն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ