18 04 2024

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ՝ նշելով, որ ավելի վաղ պաշտոնական Երևանը հրապարակավ հավաստիացնում էր, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:

«Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ: Միևնույն ժամանակ չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia's Defence and Security Resilience կոչվող փաստաթղթում ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի,ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մասնագետներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային տարածքներում Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կրիտկական կարևորության ենթակառուցվածքների, էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում, իսկապես Երևանին փաթեթել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը: Ակնհայտ է, որ և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում նպատակ են դրել կոտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջական զանգվածն ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում, խարխել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության մեխանիզմները, որոնք հիմնված են ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա: Ինչպես հասկանում ենք՝ արևմտականները ձգտում են կռվացնել մտերիմ հարևաններին՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի... Հայաստանին վերապահվում է միայն գործիքի դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել: Դա Միացյալ Նահանգները, Արևմուտքն անել սովորել են, իսկ հաշտեցնել, կարգավորման հասնել, արյունահեղությունը դադարեցնել չեն կարողանում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ միամտություն է ենթադրելը, որ Արևմուտքի հետ համագործակցությունը կբարձրացնի Հայաստանի պաշտպանողականությունը, սահմանային անվտանգությունը, կապահովի տնտեսական զարգացումը:

«Ընդհակառակը՝ Հայաստանին ցանկանում են զրկել ամեն ազգայինից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգետիկայից՝ դրա փոխարեն տալով անիրագործելի ճանապարհային քարտեզներ, թղթի վրա մնացող ծրագրեր և անվերջանալի դեմագոգիա: Հետո, հոգնելով այդ խաղից և լուծելով սեփական կոնյուկտորային խնդիրները, արևմտականները, ինչպես որ դա տեղի է ունեցել բազմիցս աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանը կշպրտեն»,- ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ