05 04 2024

Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը․ Սամվել Մայրապետյան

Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը․ Սամվել Մայրապետյան

 

«Դատական իշխանություն» պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ:

Սամվել Մայրապետյանը ի պատասխան այս տեղեկության հայտարարություն է տարածել․

«Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, և որ ես ու ըմտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին:

Գալով այսօրվա՝ իրավագիտության հետ աղերս չունեցող վճռին, կարող եմ միայն ասել, որ պատահականություն չէ, որ վճիռը տարածվեց հենց այսօր առավոտյան, չնայած որ մինչև այս պահը այն հրապարակված չէ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:

Բանը նրանում է, որ վճիռը պետք է հրապարակվեր դեռևս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն, Դատարանի որոշմամբ դատաքննությունը նորից վերսկսվեց՝ իբրև թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ Դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը և անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը. կարելի է ենթադրել Փաշինյանի բրյուսելյան այցի օրը՝ PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը:

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:

Տեղի ունեցածին և մասնավորաբար դատարանի վճռին մանրամասն և փաստերով կանդրադառնա իմ փաստաբանական խումբը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում վճռի պատշաճ հրապարակվելուց հետո, որտեղ, սովորաբար, ըստ օրենքի հրապարակվում են դատավճիռները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ