13 03 2024

Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա

Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այս կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության ոլորտը։

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ինքնիշխան պետության՝ իր արտաքին քաղաքական կուրսը որոշելու իրավունքը, ինչը կիրառելի է նաև Հավաքական անվտանգության կազմակերպության աշխատանքի դեպքում ։ Միևնույն ժամանակ մենք  անհանգստացած ենք  ՀԱՊԿ-ի թեմաներով Հայաստանի ղեկավարության ապակառուցողական և վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունից, որն այսօր պարտադրվում է հայ հասարակությանը»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն այն երկրներն են, պետություններն ու մարդիկ, ովքեր տասնամյակների ընթացքում ստեղծել են ոչ միայն այս կազմակերպությունը, այլև հենց այս անվտանգությունը, որն ապահովել է խաղաղություն և կայունություն հսկայական տարածքում։

Նրա խոսքով՝ շատ ռիսկեր, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջև, կարող էին մեղմվել, եթե այս երկրի ղեկավարությունը համաձայներ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում։

«Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը, ի վերջո, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, հիմնովին ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործող արդյունավետ մեխանիզմները և ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա», - նշել է ռուս դիվանագետը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ