11 03 2024

Հայաստանին դարձնում են երկրորդ Ուկրաինա, բայց ավելի վատ սցենարով․ վերլուծական

Հայաստանին դարձնում են երկրորդ Ուկրաինա, բայց ավելի վատ սցենարով․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Բրիտանացի պաշտոնյան հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի դեմ, ապա իրենք կօգնեն։ Նման «կուտ» միայն աբորիգեններին են տալիս, այն էլ՝ շատ հազվադեպ։

Սրան զուգահեռ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում Հայաստանից ու մեր երկիրը համարում «Արևմտյան Ադրբեջան»։ Բրիտանացիք այս թեմայով չեն խոսում։ Իրենք կողմ են այդ ամենին, միայն թե ռուսներին վնասեն։

Արևմուտքի խնդիրը պարզ է՝ Հայաստանը դարձնել մատաղացու գառ հակառուսական ու հակաիրանական պայքարում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան՝ սեփական անվտանգության երաշխիքների և սեփական թալանը վայելելու դիմաց։

Նիկոլը խաբում է հայ ժողովրդին, թե, իբր, Հայաստանի ինքնիշխանության համար պետք է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, գնալ Իրանի դեմ։ Քայլարածների քարոզն այն է, թե, իբր, այդ ամենից հետո Արևմուտքը մեզ կօգնի, մենք կդառնանք ԵՄ անդամ ու կյանքը կդառնա մեղր։

Այս ամենը մեկ անգամ արդեն եղել է հայ ժողովրդի հետ։ Դա Սևրի պայմանագրին միանալու ժամանակ էր։ Դրան հաջորդեց 1–ին հանրապետության կորուստը։ Այս անգամ շատ ավելի դաժան գործընթաց է սպասվում՝ ողբերգական վերջաբանով։ Բայց դա Արևմուտքին չի հետաքրքրում։ Իրենք Հայաստանի դեմ բան չունեն, բայց Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարում պատրաստ են զոհաբերել Հայաստանը։

Արևմուտքն ուզում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Վրաստանը, որն ունի եվրաինտեգրացիայի վեկտոր, չի հաձայնում դա անել, քանզի տեսել է, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահել 2008 թվականին․ Վրաստանին թողեցին մեն մենակ՝ ռուսական տանկերի դեմ։

Վրաստանը նաև տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Դա է պատճառը, որ Վրաստանը հրաժարվում է մատաղացու գառան կարգավիճակից։

Վրաստանը հրաժարվում է զոհաբերվել, իսկ Նիկոլ Փաշինյանը կողմ է Հայաստանի զոհաբերմանը։ Ինքն արդեն իրեն տեսնում է Տիխանովսկայայի կամ Նավալնու կնոջ կարգավիճակում, երբ արևմտյան հարթակներից կխոսի Ռուսաստանի դեմ ու Հայաստանի կործանման համար կմեղադրի Պուտինին։

ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իրենք Թուրքիայի հետ են կարգավորելու հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Դա իրականում նշանակում է, որ Թուրքիային է վերապահված ՀՀ թաղման արարողության ղեկավարի դերը։ Հայ ժողովուրդը և իր քաղաքական վերնախավը համաձա՞յն են դրան։ Համաձա՞յն են թաղման թափորի դիմացը տեսնել ծաղկեպսակ, որի վրա գրված կլինի՝ «մորթվեց՝ հանուն ինքնիշխանության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ