Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Ադրբեջանական հանրային «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ անդրադարձ է արվում ընտրություններից անմիջապես հետո Ալիևի այցին դեպի ՀՕՊ կայանքներ։
Հաղորդման մեջ նշվում է՝ Ալիևի ուղերձը հետևյալն էր՝ շարունակվելու է Շուշիի թուրք-ադրբեջանական դեկլարացիայի կետերի իրագործումը։ Այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է ուղղված նախևառաջ Հայաստանի, բայց երկարաժամկետ առումով նաև տարածաշրջանի այլ պետությունների դեմ։
«Նախագահ Ալիևն այն ուղերձն է հղել, որ բոլոր նրանք, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հանգստանալու է Ղարաբաղը վերցնելուց հետո»,-ասվում է թողարկման մեջ։
Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պարզ ու հայտնի իրողությունը, որ իրենք Լեռնային Ղարաբաղի զավթմամբ բավարարվել չեն պատրաստվում։
Այս ագրեսիվ հռետորաբանությունը, քարոզվող ատելությունն ու թշնամանքը կարելի է ուղղվել հենց Բաքվի դեմ։ Բայց փոխարենը ՀՀ իշխանությունների կողմից ընտրվել է տակտիկա, որն արդարացնում է ագրեսիան ու պատերազմը, իսկ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեր պետության համար»։
Հիշեցնենք, որ համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը