ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում մի քանի անդրադարձ է կատարել Հայաստանի հետ հարաբերություններին, Արցախի հարցին, հայ-ադրբեջանական, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։
Ներկայացնենք մեջբերումները․
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իսկապես հանրային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմային. վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքին։ Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածության շրջանակում, որը ձեռք է բերվել ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև։ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տարնսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության մարմինները»։
Ահա սա է ամբողջ մեջբերումն այն փաստաթղթից, որը եռակողմ ձևաչափով ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին»։
«Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ ահա նա ցանկանում է նույնպիսի պայմաններ Հայաստանով տարանցման համար, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան տարանցման դեպքում Իրանով... Ես այստեղ ոչ մի տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, հազիվ թե տեղին է այս երթուղիները համեմատելը»։
«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որն ստեղծվել է 2021թ. Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով, պայմանավորվել են, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները, որոնց տարածքով անցնելու է ցանկացած ապաշրջափակված երթուղի, լիովին պահպանելու են իրենց ինքնիշխանությունն ու իրավադատությունն այդ երթուղիների հանդեպ իրենց տարածքում։ 2023թ. հունիսին, փոխվարչապետերի մակարդակով, նրանք պայմանավորվեցին այն մասին, որպեսզի վերականգնեն նման հաղորդակցությունը, սկզբում՝ երկաթուղայինը. դա համաձայնեցվեց, քննարկվեց նախագահ Պուտինի հետ Երևանում, երբ նա այցելել էր այնտեղ, առանձին՝ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում։ Ես հիանալի հիշում եմ, որ դա բավական դրական ընդունվեց, բայց հետո ամեն բան ինչ-որ տեղ գնաց։ Մենք իհարկե հասկանում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններից նման նահանջները հազվադեպ բան չեն, և թե ինչն է խանգարել այդ պայմանավորվածություններն ավարտել թղթի վրա, Ադրբեջանի և Նախիջևանի միջև շարժումը բացելու սկզբունքների մասին՝ ես չգիտեմ։ Մենք միայն լավ գիտենք, որ արևմտյան բարեկամների բարի խորհուրդները միշտ առկա են Հարավային Կովկասում, և այդ խորհուրդները, երբեմն, ընկալվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից։ Բայց այն, որ Արևմուտքի խորհուրդները ուղղված են միշտ պայմանավորվածություններ չգտնելուն տարածաշրջանի երկրների միջև՝ նրանց շահերի հավասարակշռության հիման վրա, այլ ուղղված են իրենց աշխարհաքաղաքական խնդիրների առաջմղմանը, դա նույնպես մեզ հայտնի է, և ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերականգնման այլընտրանք գոյություն չունի, դրա պարամետրերը ամրագրված են եռակողմ պայմանավորվածությունում. երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությամբ, այստեղ էլ համաձայնեցվել են սահմանապահ և մաքսային վերահսկման ընթացակարգերը Հայաստան և Ադրբեջան մտնելիս և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան դուրս գալիս»։
«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց տարածքում։ Փաստ է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե որքանով է Երևանը պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»։
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում Մոսկվան առաջարկել է իր օգնությունը և կողմերը ստորագրել են պայմանավորվածություն ստեղծելու սահմանազատման հարցերով հանձնաժողով, որում ՌԴ-ն հանդես է գալու որպես խորհրդատու, բայց մեզ այնտեղ չեն հրավիրել: Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ սահմանազատմամբ զբաղվելու է Եվրոպական միությունը... Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը երբևէ չեն անդամակցել ԵՄ տարածքում որևէ միության: ԵՄ-ն որևէ քարտեզ չունի, քարտեզներն ունի միայն ՌԴ-ն, և դա կողմերին ձեռք է տալիս: Դա ձեռք չի տալիս ԵՄ-ին, ԱՄՆ-ին»։
«Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ և շահավետ Սյունիքի մարզով երթուղու բացումը մինչև հիմա շարունակում է թղթի վրա մնալ: Ամենայն հարգանքով՝ ես դրա պատճառ եմ տեսնում Երևանի դիրոքորոշումը։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երևանին: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»։
«Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ կապերի որևէ սառեցման նախաձեռնողը։ Այո, մենք հիշում ենք, երբ Հայաստանի ներկայիս պաշտոնական անձանցից շատերը, դեռ ընդդիմություն եղած ժաանակ, կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և երբ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ, մենք անգամ Երևանից հեռանալու նվազագույն ցանկություն չունեինք»։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պուտինը, այլ ոչ Մակրոնը կարևոր դեր խաղաց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: Այն բանից հետո, երբ այդ համաձայնագրերը սկսեցին կյանքի կոչվել, ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման և սահմանազատման մեխանիզմներ, այն ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեց ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում:
2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում Ղարաբաղի տարածքը նկարագրվել է որպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև եղել է ըմբռնում, որ բանակցություններ են ընթանում կարգավիճակի թեմայի շուրջ. դեռ պետք է շարունակել, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեն այդ հարցը:
Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը... Եվ հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի: Սա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»։
«2022 թվականին Երևանում նախարարները համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդների առաքելություն ուղարկելու մասին փաստաթղթի շուրջ։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Երևանը հայտարարել է, որ այժմ չի կարողանա ստորագրել այն, և գրեթե միաժամանակ ԵՄ առաքելությունը ժամանել է Հայաստան։
Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է: ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում ռուս սահմանապահների աշխատանքով և ընդհանուր առմամբ զբաղվում էր ոչ թե վստահության միջոցների ամրապնդմամբ, այլ ամբողջ ժամանակ փորձում էր պարզել, թե ինչ է տեղի ունենում, ինչ է անում Ռուսաստանը, ինչ խնդիրներ են նրա առջև դրված։
Այս հարցը բազմիցս քննարկվել է հայ գործընկերների հետ։
«Այն, որ Արևմուտքը հրապարակայնորեն հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտնի է բոլորին. մենք այս առնչությամբ Երևանից որևէ առարկություն չենք լսել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը