29 12 2023

2024 թվականին կստեղծվի ոստիկանության գվարդիա. Արփինե Սարգսյան

2024 թվականին կստեղծվի ոստիկանության գվարդիա. Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին նախատեսում է ստեղծել ոստիկանության գվարդիան, ձևավորել մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության ընդունման միջոցով ավելի թիրախային պայքար մղել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության 2024 թվականի ծրագրերին։

«2024 թվականին ձեռնամուխ ենք լինելու համայնքային ոստիկանության ամբողջական ձևավորմանը տարածքային մակարդակով, քրեական ոստիկանության ձևավորմանը՝ կրկին տարածքային մակարդակով։ Նաև ոստիկանության Գվարդիայի օրենքի ընդունման պայմաններում ձեռնամուխ կլինենք գվարդիայի ձևավորմանը ևս։ Կզարգանան օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները, և ինֆորմացիոն փոխանակումը թվային ճանապարհով այս չորս հենասյունային ուղղությունների միջև մենք արդեն իսկ կապահովենք»,- ընդգծեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը նպատակ ունի օպերատիվ կառավարման կենտրոնը միավորել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ։

«Այլ կերպ ասած՝ «102»-ը կմիավորվի «911»-ի հետ, որը թույլ կտա ունենալ մեկ միասնական հեռախոսահամար մեր քաղաքացիներին համար, որով ավելի հեշտ կլինի ճգնաժամային տարբեր իրավիճակներում կողմնորոշվել և, ըստ այդմ, զանգերը փոխանցել կա՛մ փրկարար ծառայություն, կա՛մ ոստիկանություն, կա՛մ՝ ի՞նչու ոչ, արդեն մեկտեղված երկու ծառայություններին էլ ուղարկել տվյալ դեպքի վայր։

Քանի որ փրկարար ծառայությունը և ոստիկանությունն անցան ներքին գործերի նախարարության ներքո, այս առումով արդեն տեսել ենք բավականին տպավորիչ արդյունքներ, որովհետև ճգնաժամային տարբեր իրավիճակներում այս երկու ծառայությունները մեկ միասնական կառավարման ներքո շատ ավելի արդյունավետ են գործում, քան երբ տարբեր գերատեսչությունների ներքո էին»,- ասաց Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ