Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Այսպիսով՝ Հայաստանում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, փոխարենը՝ դադարեցվում Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։
Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:
Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը