Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից։
«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել այն կոնֆլիկտային իրավիճակի վրա, որը ձևավորվել է Հին քաղաքում, այսպես կոչված, հայկական պարտեզի շուրջ։ Դրանք դատական գործընթացի առարկա են դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական բնակեցման կողմնակից կազմակերպություններից մեկի միջև։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների։
Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ որպեսզի ապահովվի այս զգայուն հարցը արդարացի և օրենքի սահմաններում լուծումը։ Կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով։ Դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-կրոնական հավասարակշռությունը փոխելուն, ներառյալ՝ դարեր շարունակ այնտեղ ապրած քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի դեմ ոտնձգություններին»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը