ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Որքան էլ որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու:
Աջ ու ձախ խոսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումներ չեն գալիս Հայաստան:
Իսկ ո՞վ կբերի, ներդրում կանի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին:
Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարության, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող:
Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը:
Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում:
Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները ցանկանացած պետության զգայուն ոլորտներից են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար:
Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն սեփական շահերի համար՝ բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:
Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապեսէ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում:
Արտաքին բիզնեսի համար այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում, բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորտների զարգացմանն են ծառայել կամ ծառայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը