ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները և կմնա ասոցիացիայի երկրների դաշնակից և ռազմավարական գործընկեր։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք խոսել նրանց հետ»,- ասել է Պեսկովը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս կապակցությամբ կարող ենք մեր ափսոսանքը հայտնել։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- հեռուստալրագրող Պավել Զարուբինին Հայաստանի բացակայության մասին հարցին պատասխանել է Պեսկովը, տեսանյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները, անշուշտ, կքննարկեն «հայկական գործոնը» գագաթնաժողովի ընթացքում և «մտածեն, թե ինչպես վարվել դրա հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը