«Ցավոք այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն իրենց հանցագործ քաղաքականության հեևանքով ոչ միայն ԼՂՀ-ն էթնիկ զտումների ենթարկեցին, այլև պատրաստ են Հայաստանի յուրաքանչյուր մաս, հնարավորության դեպքում, էթնիկ զտումների ենթարկեն և դրան հակառակ ցավոք ՀՀ իշխանությունները վարում են «տանք՝ հանգիստ ապրենք» քաղաքականություն: ՀՀ իշխանությունները, ցավոք, փորձում են նույնիսկ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը դարձնել վտանգ Հայաստանի համար, նույնիսկ Արցախի իրավունքների մասին խոսելիս խոսում են ցածր ձայնով , այն դեպքում, երբ մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արցախն առանց ՀՀ-ի և, միևնույն ժամանակ, չի կարող լինել ուժեղ, ինքնիշխան ՀՀ՝ առանց Արցախի, որը մենք այսօր տեսում ենք, ուստի Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյությունը չպետք է լինի ինքնանպատակ»,-հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
«Կարծում եմ՝ բոլոր պատգամավորների, պետական ինստիտուտների անդամների պարտականությունն է շարունակել իրենց գործունեությունը՝ փորձելով Հայաստան տեղահանված Արցախի մոտ 150 հազար քաղաքացու սոցիալական, քաղաքական, շատ այլ հարցերի լուծումներ տալ»,- ասաց նա։
Խոսելով արցախցիների հիմնական խնդիրների մասին, նա ասաց, որ մեծամասնությունն ապրում է վարձակալած տներում, իսկ վարձակալության գները բավականին բարձր են. «Դրան գումարվում են այլ խնդիրներ՝ քաղաքացիություն, անձնագրային... Նաև հենց դրանց լուծմանը մասնակցելու համար են պետք Արցախի պետական ինտիստուտները՝ համագործակցելով նաև Հայաստանի իշխանությունների հետ։
Արցախի պետական ինստիտուտների պահպանման գլխավոր նպատակներից մեկը պետք է դա լինի, որպեսզի կարողանան լուծել բռնի տեղահանված արցախիցիների խնդիրները, որպեսզի նրանք չլքեն Հայաստանը, մնան այստեղ, իրենցից ներկայացնեն հավաքական սուբէթնոս և ամենահարմար պահին, անհրաժեշտության, հնարավորության դեպքում վերադառնան իրենց հայրենի հողը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը