«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են:
«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ: Այո, թշնամու վարած հակամարդկային հանցագործ քաղաքականության արդյունքում բռնի դուրս մղվեցինք մեր հայրենիքից, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս հարցը փակված է: Ոչ ոք իրավունք չունի այս հարցը փակել: Դա եկել է մեր սերունդներից, և մենք պարտավոր ենք այդ հարցը փոխանցել մեր հաջորդ սերունդներին, եթե ինքներս չենք կարողանում այն լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Անդրադառնում է պետական ինստիտուտների պահպանման կարևորությանը: «Սա ևս մեկ գործիքակազմ է, որով կկարողանանք հասնել մեր նպատակներին՝ պահպանել Արցախի սուրբ էթնոսը, պահպանել պայքարի ողջ մտածողությունը և ճանապարհային քարտեզը: Սրա միջոցով միայն հնարավորություն կունենանք հասնելու մեր նպատակներին: Սա գործիքակազմ է, որն անհրաժեշտ է մեզ հենց այսօր, անհրաժեշտ է լինելու մեզ նաև վաղը: Դա ինքնանպատակ չէ, ուստի ավելորդ է այս թեմայով խոսելը և պետական ինստիտուտների չլինելու գաղափարն առաջ տանելը»,-նշում է մեր զրուցակիցը:
Սրան զուգահեռ քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության: «Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է: Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հրաժարվել շատ ավելի կարևոր հանգամանքներից, ստիպված ենք լինելու հրաժարվել ընդհանրապես խոսել հայկականությունից, ազգային արժեքներից և այլն:
Սա ճիշտ դիրքորոշում չէ, և այն պետք է փոխել: Հանրության մեջ տարածվում է այդ վախը, որ եթե խոսում ենք Արցախից, ապա Հայաստանի Հանրապետությունն է վտանգվում: Բազմիցս ասել ենք, որ առանց Արցախ հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև դառն իրականությունը մեզ ցույց տվեց, որ առանց Հայաստանի Հանրապետության հնարավոր չէ Արցախը պահել հայկական»,ընդգծում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը: Ոչ մեկ անգամ տեսակետներ են հնչում, որ մեկ հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը, որը հիմնվել է ժողովրդի հանրաքվեի արդյունքում, որ Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու մտքից չպետք է հրաժարվել, բայց նաև հասկանում ենք, որ այս երկար ու բարդ ճանապարհին Արցախի թիկունքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Բայց այս ճանապարհը հնարավո՞ր է անցնել Հայաստանի գործող իշխանությունների օրոք և նրանց հետ:
«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք այնպիսի իշխանություն ունենալու համար, որի օրակարգում լինի վերադարձ դեպի անվտանգ, զարգացող ու հայկական Արցախ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այնպես անել, որ տվյալ պահին պահպանենք Արցախի ժողովրդին որպես հավաքական մի ամբողջություն: Նրանք պետք է կամք դրսևորեն և վերադառնան հայկական, անվտանգ ու զարգացող Արցախ: Այդ գաղափարը մեր գլխից չպետք է հանենք: Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որոնք նման գաղափարով չեն առաջնորդվում, պետք է դուրս մղել քաղաքական գործունեությունից և ընդհանրապես Հայաստանի բախտը որոշելու գործընթացներից»,-ընդգծում է նա:
Հակոբյանն ասում է, որ այս ընթացքում մշտապես լինում են հանդիպումներ ու քաղաքական կոնսուլտացիաներ: «Կարծում եմ՝ մեր գաղափարներին ու նպատակներին հասնելու համար պետք է ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, որի մեջ նաև ընդգրկված կլինի, թե որևիցե մի փուլում ինչպիսի գործողություններ ու քայլեր պետք է արվեն, դա վերաբերում է նաև միջազգային տարբեր հարթակներում հայկական հարցի բարձրացմանը: Չկա առանձին հայկական հարց կամ Արցախի հարց, կա մեկ հայկական հարց, որի պատմական արդարության վերականգնման պատասխանատվությունն այս փուլում ընկած է մեզ վրա, և պարտավոր ենք այն պատվով կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են հարմարվել նոր իրականությանը՝ գլխում ու սրտում ունենալով տուն վերադարձի հույսը, շատերի մոտ այդ հարմարվելու գործընթացն ավելի բարդ է ստացվում: Հետաքրքրվում ենք՝ հանդիպումներ ու զրույցներ տեղի ունենո՞ւմ են մարդկանց հետ: «Մեր հայրենակիցների հետ մշտապես կապի մեջ ենք: Բոլորի մոտ հայրենիք վերադառնալու, պապենական հողերին տեր լինելու ցանկությունը գերակա արժեք է: Սակայն դա որևէ կերպ չի խանգարում և չի վնասում, որպեսզի ներկա պահին յուրաքանչյուրը Հայաստանի այն մասում, որտեղ բնակվում է, ինտեգրվի կյանքին: Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն այստեղ հյուր չեն, սա նույնպես իրենց հայրենիքն է: Կարծում եմ, որ վերադարձը պապենական հողեր և ներկա իրավիճակում ինտեգրումը Հայաստանի Հանրապետությունում իրար հակասող երևույթներ չեն, և մեկը մյուսին չեն խանգարում»,-շեշտում է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը