Aphanews.am-ը գրում է․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա բանկետ-գալա համերգ՝ նվիրված 2023 թվականի մրցանակաբաշխությանը և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված Հայոց երկրորդ ցեղասպանությունը վերապրածներին: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Alpha News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, պատասխանելով հարցին, թե ինչու ԱՄՆ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Ադրբեջանի պես ահաբեկիչ երկրի դեմ, պատասխանել է, որ այնքան էլ համաձայն չէ նման պնդման հետ և անդրադարձել է դեմոկրատների և հանրապետականների` վարչակազմին Հայոց ցեղասպանությունը ճանաչել ստիպելու բազմամյա անհաջող ջանքերին:
«Ես շատ ուրախ կլինեի, որ փորձեի դա բացատրել, բայց կցանկանայի սկսել՝ համաձայն չլինելով այս պնդումների, բացատրությունների հետ, այնուամենայնիվ կփորձեմ լույս սփռել այս խնդրի վրա։ Եկեք անդրադառնանք մեր բազմամյա ջանքերին՝ ստիպելու դեմոկրատների կամ հանրապետականների վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Փորձերն անհաջող են եղել տարիներ շարունակ, ընդհուպ մինչև Բայդենի կողմից Ցեղասպանությունը ճանաչելը, բայց դա չի նշանակում, որ նախորդ վարչակազմերն ի վիճակի չեն եղել հասկանալ պատմական փաստերը:
Այո՛, նախագահ Ռեյգանը հայտարարություններ էր անում Ցեղասպանության մասին, բայց նախագահ Բայդենը, կարծում եմ, առաջինն էր, ով պաշտոնապես ճանաչեց այն:
Այնուամենայնիվ, վերադառնանք այն ժամանակներին, երբ Ռեյգանը իշխանություն էր: Այն ժամանակ մենք չէինք կարող ստիպել Կոնգրեսին խոսել այդ մասին։ Դա տեղի է ունեցել միայն վերջերս: Բայց ինչո՞ւ: Քանի որ վեց այլ նախագահներ չէին հասկանո՞ւմ այս պատմական փաստը:
Ոչ՛։ Այն պատճառով, որ նախորդ վարչակազմերը Թուրքիայի աշխարհառազմավարական կարեւորությունն ավելի առաջնային էին համարում, քան ցեղասպանության մասին ճշմարտությունը։ Երբ մենք վերջապես ճանաչեցինք ցեղասպանությունը, ապա սարսափելի հետևանքները Թուրքիայի կողմից այդպես էլ չհետևեցին։ Իսկապես, երբ Եվրոպան ճանաչեց Ցեղասպանությունը, նրա համար ոչ մի վատ հետևանք կրկին չեղավ։
Երբեմն Միացյալ Նահանգները վախենում է սեփական ուժից և թերագնահատում է հանգամանքների վրա ազդելու իր կարողությունը: Ես նույնը տեսել և տեսնում եմ Ադրբեջանի պարագայում։ 2020 թ.-ին այն ամենը, ինչ մենք լսել ենք ԱՄՆ պետքարտուղարությունից, երբ Ադրբեջանը կրակ էր բացում շփման գծի երկայնքով, պարզ կոչեր էին երկու կողմերին՝ դադարեցնել բռնությունը: Բայց ագրեսորը միայն մի կողմն է եղել, և երբ կա մի կողմ, որը ագրեսոր է, և դուք երկու կողմերին էլ կոչ եք անում դադարեցնել ագրեսիան, ագրեսորը գիտի, որ երբեք պատասխանատվության չի ենթարկվի:
Եվ շատերը զգուշացնում էին, որ բարոյական համարժեքության, կեղծ համարժեքության այս քաղաքականությունը աղետի կհանգեցնի։ Դա տեղի է ունեցել 2020 թվականին։
Եվ այնուամենայնիվ, 2020 թվականից հետո դա չի փոխվել, և նույնիսկ այն ժամանակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր և մարդիկ սովամահ էին լինում։ Կարծում եմ՝ Ալիևը թափահարեց Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրով, որպեսզի ԱՄՆ-ին տարհամոզեր միջամտել շրջափակման դադարեցմանը։
Եվ այն փաստարկը, որ ես բերում եմ վարչակազմին, այն է, որ նշանակություն չունի, թե դուք ինչ եք ասում Ադրբեջանին, եթե մենք շարունակենք գումար ուղարկել Ադրբեջան, դա շարունակվելու է միշտ։ Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ հետևանքները կանխատեսելի էին», — նշել է Շիֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարներ է ուղարկել Ադրբեջան։ Դա, իբր, Ադրբեջանին օգնելու համար էր, որպեսզի նա կանխեր Իրանից թմրանյութերի մատակարարումը և սահմանների անվտանգությունն ապահովեր, իբր ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Բայց դա, իհարկե, չէր ընկալվում որպես հարևանի տարածք ներխուժմանը նպաստել, բայց փողը փոխարինելի է:
«Ավելին, Ադրբեջանը փողի կարիք չուներ։ Նրանք շատ նավթային հարստություններ ունեն։ Կարծում եմ, որ ձեր հարցի կարճ պատասխանն այն է, որ ԱՄՆ-ն միշտ չափազանցրել է Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը՝ որպես Ռուսաստանի կամ Իրանի փոխարինող: Եվ դա մեզ արժեր այն, որ մենք սկսեցինք գործել մեր արժեքներին հակառակ, հրաժարվեցինք մարդու իրավունքների պաշտպանությունից, որի ամենավերջին արդյունքը 120․000 հայերի էթնիկ զտումն էր», — ընդգծել է Ադամ Շիֆը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը