Երևանում է գտնվում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։
Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը