Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա եւ հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է խաղաղության օրակարգի երկու սկզբունքները, որոնց շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել․
«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառ կմ։ Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին տեղ չթողնի ասելու թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ հռչակագրի առանքային իմաստը հետեւյալն է՝ Խորհրդային Միությունը դադարու մ է գոյություն ունենալ եւ հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը եւ հետեւաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին կստորագրվի։ Հույս ունեմ՝ առաջիկայում նաեւ զարգացումներ կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը