Խորհրդարանում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Արցախի Հանրապետությունում էթնիկ զտման ենթարկված, բնաջնջման սպառնալիքի ներքո ստիպողաբար իրենց հողից տեղահանված արցախցի մեր քույրերին ու եղբայրներին պետք է վերաբերել ոչ որպես սովորական փախստականների: Նրանց աջակցությանն ուղղված քայլերն էլ պետք է լինեն ոչ սովորական, ոչ ստանդարտ:
Մի կողմ պետք է դնել արցախցիներին առաջնահերթ ծախսերի համար գումար տրամադրելու ծրագիրը եւ պետք է կենտրոնանալ ավելի խորքային եւ կարեւոր հարցերի վրա:
Այո, մինչեւ արցախցիներին մշտական աշխատանքով ապահովելը, մինչեւ գոնե ժամանակավոր, բայց արժանապատիվ կացարանով ապահովելն այդ նպաստներն անհրաժեշտություն են, բայց այն չպետք է լինի հիմնական կամ գլխավոր գործը:
Իսկ մինչ արցախցիներին աջակցող հիմնական ծրագրին կամ ծրագրերին անցնելն անհրաժեշտ է Արցախից տառապանքների միջով անցած մարդկանց գոնե չտուգանել մգեցված ապակի ունենալու կամ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը լրացած լինելու համար:
Այս հարցը կարելի է եւ պետք է լուծել, եւ ոչ թե հիմնավորել, թե ինչու են տուգանում: Իսկ տուգանել կարելի է եւ պետք է, օրինակ, Տիգրան Ավինյանին, որն այս մղձավանջային իրականությունում որոշեց հարկատուների գումարներից մոտ 220 հազար դոլար հատկացնել իր երդմնակալության անիմաստ շոուն կազմակերպելու համար:
220 հազար դոլարով կարելի էր արցախցիներից մի քանիսի համար գոնե ժամանակավոր կացարան ստեղծել կամ արցախցի երեխաների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերել:
Տուգանել պետք էր նրանց, ովքեր որոշեցին Երեւանում օդապարիկ-շոու կազմակերպել այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունեցած աղետից չէր անցել անգամ երեք շաբաթ:
Տուգանել պետք էր եւ պետք է նրանց, որոնց մտքով չանցավ տեղի ունեցած ողբերգությունից հետո եռօրյա սուգ հայտարարել:
Իսկ ի՞նչ պետք է անել արցախցիների համար: Ոչ թե պետք է քննարկումներ սկսել արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ, այլ անհրաժեշտ է սկսել կոնկրետ ծրագրի մշակումը, որը արմատապես տարբեր պետք է լինի ՀՀ քաղաքացիների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրերից:
Պետք է հստակ, առանց կոռուպցիոն ռիսկերի ճշտել, թե քանի ընտանիք Հայաստանում սեփական բնակարան չունի եւ սկսել Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում նրանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրը: Ընդ որում, այդ բնակարանների համար նրանք պետք է վճարեն զրո դրամ:
Մենք արցախցիներին պարտք ենք եւ այդ պարտքը պետք է փորձենք վերադարձնել:
Արցախից բռնի տեղահանված բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, զինվորականներին, ոստիկաններին պետք է ցուցակագրել եւ նրանց ապահովել աշխատանքով:
Ինչպե՞ս: Ինչպես ուզում եք: Դա Հայաստանի կառավարության պարտքն է: Ավելին, այս ծրագրի իրականացումից կշահի ոչ միայն արցախցին, այլ նաեւ Հայաստանը: Մարդկանց տեղավորեք աշխատանքի եւ այնտեղ էլ նրանց ապահովեք մշտական բնակարանով, տնով: Սա իրականանալի եւ լուծելի հարց է: Իսկ միջոցներ հաստատ կգտնվեն: Հիշեցնեմ, որ միջին հաշվով յուրաքանչյուր տարի Արցախին տրամադրվել է 60 մլրդ դրամ: Հիմա այդ գումարը հատկացրեք արցախցիների համար արժանապատիվ կյանք ստեղծելով, որ հանկարծ չբռնեն իսկական գաղթի ճանապարհը, դեպի օտար երկրներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը