«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական պետական խոսույթում ամբողջ ՀՀ տարածքը համարվում է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջան. դա հստակ ազդակ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կանգ չեն առնելու, քանզի համարում են, որ իրենց համար ՀՀ այս իշխանությունը պատմական շանս է ստեղծել՝ մեկընդմիշտ փակելու Հայկական հարցը, հետևաբար՝ փակելով հայկական հարցը հասնել տարածաշրջանային Մեծ թուրանի գաղափարին, որն անհնար է իրականացնել առանց ցամաքային սահմանի»,- Yerevan.Today-ի տաղավարում հայտարարեց վերլուծաբան Արման Աբովյանը:
Անդրադառնալով այսօր, Իրանի նախաձեռնությամբ, Թեհրանում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ Հայաստանի Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ (Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից), մեր զրուցակիցը նախ նշեց, որ այն կապ ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ՝ հավելելով, որ Իրանը պարզապես զգուշացնելու է հիմնական խաղացողներին չոտնահարեն իր իրավունքները տարածաշրջանում:
Թե այդ հանդիպումն ինչ կտա Հայաստանին, վերլուծաբանն ասում է. «Հայաստանին ոչինչ էլ չի տալու շատ պարզ պատճառով, որ Հայաստանի բանակցող կողմը՝ ի դեմս իշխանության, իր ստրատեգիական տեսլականի ներքո չի պաշտպանում ՀՀ շահերը: Իրենք բոլորի շահերը պաշտպանում են, բացի՝ ՀՀ շահերից, որովհետև երբ փորձում ես հաճոյանալ աշխարհաքաղաքական կենտրոններին՝ հանձնելով քո անվտանգային, լոգիստիկ, տնտեսական հիմնական բաղադրիչները՝ դիմացն ակնկալելով անվտանգություն, դու դրա դիմաց, վստահաբար, ստանալու ես պատերազմ»:
«Նախօրոք հայտարարված «3+3», իսկ այսօր արդեն՝ «3+2», ձևաչափով հանդիպումը վատ բան չէ, մենակ ինչ-որ բան չստորագրեն սրանք, «մանիա» ունեն, չէ՞, որ գնան ինչ-որ բան շուտ ստորագրեն, հետո մեզ բացատրեն՝ ինչի է կյանքը էդքան վատ»,- ասում է Արման Աբովյանը:
Մանրամասն՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը