16 10 2023

Փորձում են հեղինակազրկել նրանց, ովքեր պայքարում են. Բրյուսովի պրոռեկտորը՝ իր ձերբակալման մասին

Փորձում են հեղինակազրկել նրանց, ովքեր պայքարում են. Բրյուսովի պրոռեկտորը՝ իր ձերբակալման մասին

Yerkir.am-ը գրում է.

«Ես չեմ ընդունում այն մեղադրանքը, որի պատճառաբանությամբ ինձ ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանություն, այդ ամենը բացարձակ կեղծիք է․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՊՀ-ի Աշխատակազմի կառավարման և տնտ. հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանը։

«Երեկ հանդիպել եմ ընկերոջս, իր մեքենայով տեղաշարժվել ենք, խնդրել եմ կանգնեցնել այն, որպեսզի դուրս գամ և օդափոխվեմ՝ լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր։ Մոտենում են պարեկները և ընկերոջս ձերբակալում»,- պատմում է Մանուկյանն ու ասում, որ երբ տեսել է ընկերոջը ձերբակալել են, մոտեցել է պարեկներին ու հարցրել, թե ինչո՞ւ են նման բան անում, որից հետո ձերբակալել են նաև իրեն։

Մանուկյանը պատմում է՝ իրենց կասկածել են թմրանյութ պահելու մեջ։

«Ինձ ենթարկեցին անձնական խուզարկության, չհայտնաբերեցին որեւէ արգելված միջոց ու մոտավորապես 6 ժամ պահելուց հետո թե ինձ, թե ընկերոջս բաց թողեցին»,-պատմում է պրոռեկտորը։

Հարցին՝ տեսնու՞մ է արդյոք այս ամենում քաղաքական ենթատեքստ, հաշվի առնելով իր ընդդիմադիր կեցվածքն ու ընդդիմության ցույցերին մասնակցությունը, պատասխանեց․

«Ուզած չուզած տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, որովհետև ես ինքս իրավաբան լինելով հարցրի նրանց, եթե ինձ մոտ ոչինչ չեն հայտնաբերել, ինչու՞ են ձերբակալում, ինձ ոչինչ չպատասխանեցին»։

Մանուկյանի կարծիքով՝ այս քայլով ոչ թե փորձում են վախի մթնոլորտ ստեղծել այլ պախարակել իր հեղինակությունն ու բարի համբավը, փորձում են հեղինակազրկել նրանց, ովքեր պայքարում են արատավոր երևույթների դեմ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել։ Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որը պարզել է, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր: Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ