03 10 2023

Կգա ժամանակը, ամեն ոք և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չկասկածե՛ք. Գառնիկ Դանիելյան



«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը ԱԺ-ում

«Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություն է բացում Ղարաբաղի համար:

 Նիկոլ Փաշինյան 2018 թվական, մայիսի 8։

Մեկ այլ մեջբերում նույն անձից․

Հիմա այլևս հայը՝ ՀՀ քաղաքացին, Արցախի հանրապետության քաղաքացին, Դեր զորի ճամբորդը չէ․ 2020 թ․ հոկտեմբերի 3։

2018-ին թավիշով փաթեթավորված, բայց իրականում հայակործան ծրագիրը իրագործելու նպատակով իշխանության եկած անձն իր ամպագորգոռ արտահայտություններով հանձնեց մի ողջ հայրենիք։

Արցախը, որ հազարամյակներ շարունակ եղել է հայաբնակ, հայաթափվեց պոպուլիստ ու արկածախնդիր անձի ապաշնորհ քաղաքականության հետեւանքով։

Նրանից այլեւս որեւէ սպասում հանրությունը չունի, բայց այն, ինչ նա ասաց այն պահին, երբ արցախցին բռնել էր գաղթի ճանապարհը, հատեց բարոյականության եւ բանականության բոլոր սահմանները։ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։

Ընդ որում, երբ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում աշխարհին ներկայացնում էր, որ Ադրբեջանը ցեղասպանում է Արցախի հայությանը, Ջեյհուն Բայրամովը հակադարձելով մեջբերեց հենց Նիկոլ Փաշինյանին։

Ու բնական հարց է առաջանում․ ինչու՞ նա այդպես վարվեց այդ կարեւոր եւ ողբերգական պահին։

Եվ այսքանից հետո, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողների ներկայացուցիչներն այստեղ փորձում են իրենց մեղավորությունը բարդել ուրիշների՞ վրա։

Սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ, արցախցիներ, կգա ժամանակը, երբ ամեն ոք և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չկասկածեք։

Ցավոք, այս օրերին, արցախցիները բախվում են բազմաթիվ խնդիրների՝ կենցաղայինից մինչև կեցության հետ կապված։ Հերթական անգամ հայ հանրույթը դրսևորեց բարձր մարդկային հատկանիշներ՝ ինքնակազմակերպվելով և արցախցիներին սատար կանգնելու բազմաթիվ նախաձեռնություններով, ինչի կարիքը պետք է որ չզգացվեր, եթե համապատասխան գերատեսչություններն անեին այն, ինչ  պետք է անեին։

Շարունակում է գերխնդիր մնալ բռնի տեղահանված արցախցիներին համապատասխան կացարաններով ապահովելու հարցը։

Օրերս առաջարկ եմ ներկայացրել, որ Երևանում և ՀՀ մարզերում պետական պահպանության գույքը և շինությունները պատշաճ վիճակի բերել և գոնե ժամանակավորապես հանձնել մեր արցախցի հայրենակիցներին։ Սա խիստ անհրաժեշտություն է, եւ այս հարցը պետք է լուծվի րոպե առաջ։

Պետական գույքի կառավարման կոմիտեն տիրապետում է այդ ցանկին․ հազարավոր են այդպիսի շինությունները, որոնք հանվել են վաճառքի և այս պահին դատարկ են։

Ինքս ևս ունեմ տվյալներ, հարկ լինելու դեպքում կարող եմ հատկացնել պատկան մարմիններին։

Պետք է ստեղծել բարձր մակարդակի պետական կառավարման մարմին, որը կհամակարգի այս բոլոր խնդիրները, կզբաղվի միայն բռնի տեղահանված և փախստական դարձած մեր հայրենակիցների կարիքներով։

Այս ամենից հետո, պետությունը պարտավոր է ապահովել արցախցիների արժանապատիվ կեցությունը Հայաստանի հանրապետությունում»։

 

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողների ներկայացուցիչներն այստեղ փորձում են իրենց մեղավորությունը բարդել ուրիշների՞ վրա. Դանիելյան

Կգա ժամանակը, ամեն ոք և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չկասկածե՛ք. Գառնիկ Դանիելյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ