«Հրապարակ»-ը գրում է․
Սյունիք եկավ Վազգեն Սարգսյանը։ Եկավ ու Գորիսի գործկոմի շենքի մի հասարակ գրասենյակում նստեց։ Եկավ որպես պետնախարար։ Հիմա կասեք ինչու՞ եկավ։ Արցախյան առաջին պատերազմի ծանր օրերն էին ու վտանգի մեջ էր Սյունիքը։ Եկավ, որ կանխի վտանգը։ Ու կանխեց։
Հիմա ավելի ծանր վիճակ է։ Արցախն այլևս չկա։ Հայաստանի մարտական կարևոր դիրքերը հանձնված են թշնամուն։ Ողջ Հայաստանը թշնամու բռի մեջ է՝ տեսադաշտում։ Ապրում ենք թշնամու հետ՝ շունչ- շնչի։ Մեր պետական այրերը մեծ- մեծ խոսալու փոխարեն, լավ կանեն վեր կենան ու Սյունիք գնան։ Գնան ու Վազգենի նման նստեն մի հասարակ գրասենյակում ու պահեն Սյունիքը։ Կոորդինացնեն, կազմակերպեն կառավարեն Սյունիքի պաշտպանությունը։
Նրանց վրա է ողջ պատասխանատվությունը՝ Կապանի մայրուղին, Իշխանասարի դիրքերը, Սև լիճը հանձնելը, Որոտանն ու Շուռնուխը կիսելը։
Նրանց վրա է թշնամուն Սյունիքում տնավորելը, ադրբեջանական դրոշները սյունյաց հողում ծածանելը։
Արցախում պատերազմ է, Նիկոլը բունկեր է մտնում, մնացածների տեղն էլ չենք իմանում։ Հավաքիր խմբակդ ու Սյունիք գնա։ Գնա ոչ թե Սյունիքի մյուս մասերն էլ հանձնելու, այլ գնա՝ Սյունիքը պահիր։ Ասում ես՝ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, գնա ու քո մարմնով գծիր այդ կարմիր գիծը։ Մեծ- մեծ խոսողներով, համախմբումից, միավորումից ճամարտակողներով Սյունիք գնացեք։ Վազգենից լավ տղա չեք։ Գնացեք, որ սրա, նրա վրա մեղքը չբարդեք։ Հինգ տարվա մեջ գոնե մի անգամ ձեր վրա պատասխանատվություն վերցրեք։ Չնայած սյունեցիները ձեր գնալուց կսարսափեն, գնացեք ու հակառակը ապացուցեք։ Թե չէ ապաստարաններից խոսելով երկիր չեք կարող պահել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը