22 09 2023

Կառավարությունն ամբողջ կազմով պետք է անհապաղ հրաժարական տա. Ատոմ Մարգարյան

Կառավարությունն ամբողջ կազմով պետք է անհապաղ հրաժարական տա. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ, դասախոս Ատոմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հրատապ քայլեր, ծրագրային առաջնահերթություններ

Արցախահայության ցեղասպանությունը ազգակործան իշխանության ակտիվ ջանքերով /Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հակաօրինական և հակասահմանադրական հայտարարությունների, Արցախի հարցում ՔՊ նախընտրական խոստումներից տրամագծային շեղումների, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից փաստացի հրաժարման, փաստացի պատերազմի պայմաններում գտնվող ռազամավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ծայրահեղ գժտություն ու նրա թշնամիների հետ անհասկանալի սիլի-բիլիների և այլնի տեսքով/ մտել է եզրափակիչ փուլ։ Իրավիճակն, իրոք, օրհասական է․ արցախահայությունը կագնած է ֆիզիկական բնաջնջման, իսկ Հայաստանը կործանարար պատերազմի նախաշեմին։ 

Այդ պատճառով՝ անդառնալին կանխելու համար հրատապ ու անհրաժեշտ են հետևյալ քայլերը․

1․ Կառավարության հրաժարական ամբողջ կազմով, որը պետք է արվի «խաղաղ, ոչ բռնի հեղափոխության» ճանապարհով, այնպես, ինչպես եղավ 2018-ին /«ինչպես եկել են, այնպես էլ պետք է հեռանան»/

2․  Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում՝ պրոֆեսիոնալ, անբասիր կենսագրություն և հանրության մեջ դրական իմիջ ունեցող անձանցից՝ խորհրդարանի ընդիմադիր և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև հասարակության մեջ բարձր հեղինակություն, կառավարչական հմտություններ, դիվանագիտական փորձ ու բանակցային կարողություններ ունեցող անհատներից։

3․ Աժ արտահերթ նիստի հրավիրում՝

ա/ Հռոմի ստատուտի արագ վավերացման և միջազգային քրեական դատարանում Ալիևին և նրա հանցակիցներին ցեղասպանության մեղադրանքով պատասխանատվության կանչման, 

բ/ ՀՀ սահմանային բնակավայրերում ռազմական, իսկ մյուս բնակավայրերում՝ արտակարգ դրության, հաստատման,

գ/ Երկրում մասնակի զորահավաքի անցկացման ու մարտունակ զորամիավորումների կազմավորման

դ/  ռազմական ծախսերի կտրուկ ավելացման օգտին բյուջեի ծախսերի վերաբաշխման օրակարգով։

4․ Տարատեսակ շինծու գործերով կալանավորված զորահրամանատարների ու ռազմական գործիչների ազատ արձակում և շուտափույթ ներգրավում պաշտպանության ու բանակի ամրապնդման բնագավառում, շինծու գործերով կալանավորված քաղաքական և հասարարական գործիչների անհապաղ ազատ արձակում։

5․Տնտեսության փոխադրում մոբիլիզացիոն վիճակի և, ելնելով հաստատված ռազմական դրության պահանջներից, ռազմական հրատապ կարիքների համար խոշոր բիզնեսի ակտիվների մի մասի առգրավում/բռնագրավում, դրա հաշվին պաշտպանության և անվտանգության մակարդակի կտրուկ բարձրացում՝ հաշված շաբաթների ընթացքում։

6․ Ինտենսիվ բանակցություններ և կոնսուլտացիաներ բարեկամ /գործընկեր/ երկրների հետ՝ զենքի ու սպառազինությունների արագ ձեռքբերման, համատեղ մարտունակ և տեխնոլոգիական վերջին զենքերով զինված զորամիավորումների կազմավորման ու առավել ռիսկային գոտիներում /Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր/ տեղաբաշխման, զորավարժությունների անցկացման ու պաշտպանությանն ու անվտանգությանը միտված մի շարք այլ միջոցառումների /ներառյալ արցախահայության փրկության նպատակով հատուկ՝ հակաահաբեկչական գործողության/ անցկացման հետ կապված»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ