Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը:
Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը