06 09 2023

Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը

Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Հաղորդագրության մեջ նշվում է. «Սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»։ 

Նախօրեին, ԱՄՆ պետքրատուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում շեշտել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակմանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է.

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», - հայտարարել է պետքրատուղարության փոխխոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ