02 09 2023

Կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում․ Դավիթ Իշխանյան

Կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում․ Դավիթ Իշխանյան

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում:

Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ