22 08 2023

Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ մեր պետականության կազմաքանդմանն ուղղված քայլերը. ԱՀ ԱԺ նախագահ

Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ մեր պետականության կազմաքանդմանն ուղղված քայլերը. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը կոչով է հանդես եկել.

«Լինելով Արցախի Հանրապետության  քաղաքացի և  Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի,  Ազգային ժողովի և ուժային կառույցների՝ որպես  պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ  հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական  ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու  պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են  սեպ խրելու և ընդհանրապես  պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես  թշնամանք են ստեղծում  երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին:

Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին, հավատարիմ և հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ  Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների,  այլև  հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը  պատրաստ է հյուրընկալել  հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու  թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին:

Համոզված եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ