Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջեւ ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի եւ Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձեւավորման միջոցով:
Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ․
Գործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը, ի թիվս այլ քայլերի՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած իր իսկ նախընտրական ծրագրի դրույթները:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Վարվող քաղաքականությունն անընդունելի է, հանգեցնում է ահագնացող սպառնալիքների մեր անվտանգությանը, ինքնությանն ու գոյությանը: Առանց գործող վարչախմբի հեռացման անհնար կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձեւավորել ազգային իշխանություն, որն էլ կունենա լիարժեք իրավունք խոսել եւ գործել ժողովրդի անունից՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:
Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններով: Ամբողջական իշխանափոխության գործընթացի համար անհրաժեշտ է քանդել հակապետական իշխանության հենարանները, որպեսզի նա զրկվի վարչական ռեսուրսներն ապօրինի օգտագործելու միջոցներից: Դրա առաջին հնարավորությունը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն են:
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը Հայոց բանակի հզորացումն է՝ նրա հեղինակության բարձրացման, փորձառու մասնագետների ներգրավման, ժամանակակից ռազմական գործողությունների առանձնահատկություններից բխող ռազմավարության ձեւավորման ու, ըստ այդմ, բարեփոխումների իրականացման, սպառազինությունների պաշարի արդիականացման ու թարմացման, վետերանների եւ նրանց կարիքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության միջոցով:
Բնական դաշնակիցների հետ ներկայիս խեղված հարաբերությունների վերանայումը կբերի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը եւ խորացմանը:
Հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր որակի: Ձեւավորել ռազմաքաղաքական գործակցության համակարգ:
Պետք է հասնել Հնդկաստանի, Չինաստանի հետ խորացված հարաբերությունների հաստատմանը:
Բարեկամ Ֆրանսիայի հետ կապերի արդյունավետության բարձրացումը եւ այդ երկրի հնարավորությունների օգտագործումն արեւմտյան աշխարհում ի նպաստ մեզ անհրաժեշտություն է։
Պետք է մեր երկրի շահերից բխող գործընկերային հարաբերությունները զարգացնել ԱՄՆ–ի, ինչպես նաեւ հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ։
Արցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Այդ հայտարարությունը փաստացիորեն խմբագրվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին պաշարել Արցախը՝ այն լիարժեքորեն լուծարելու եւ բնաջնջման ենթարկելու իր անթաքույց ծրագրերի իրականացմանը հասնելու նպատակով:
Հայաստանն Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, եւ Ադրբեջանը հնարավորություն կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: Այդ նպատակով պետք է կիրառվի Հայաստանին հասու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ «պաշտպանելու պատասխանատվություն» միջազգային սկզբունքից բխող բոլոր գործողությունները:
Հմուտ արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով պետք է խուսափել Արեւմուտք-Ռուսաստան եւ Արեւմուտք-Իրան բախման թատերաբեմ դառնալուց:
Վերջ դնել հանրության պառակտման քաղաքականությանը: Սեւ-սպիտակ, նախկին-ներկա, ռուսամետ-արեւմտամետ, հարուստ-աղքատ, հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ սասանելով մեր պետության հիմքերը: Այն թույլ չի տալիս բարերար մթնոլորտ ստեղծել ներառական բանավեճերի ծավալման եւ հանրությանը հուզող, պետության համար կենսական խնդիրների լուծման նպատակով լավագույն մոտեցումների ձեւավորման համար:
Հանրության տարբեր շերտերի համար մշակել եւ ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր, հիմնված ազգային արժեքների եւ նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձեւավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:
Առաջիկա 10 տարում պետք է ձգտել հասնելու տնտեսության զարգացման այնպիսի տեմպերի, որը մի կողմից, կօժանդակի միջին խավի ընդլայնմանը, մյուս կողմից՝ կհանգեցնի ՀՆԱ-ի ավելացմանը մի քանի անգամ: Այդ նպատակով անհրաժեշտ է կառավարության կողմից ներքին խթանող քաղաքականության իրականացում, որի անբաժան մասը պիտի լինի հայկական սփյուռքի հետ տնտեսական, մշակութային ու քաղաքական ինտեգրման ռազմավարությունը: Հայաստանի տնտեսական հզորացման նպատակով անհրաժեշտ է մեր երկիրը աշխարհի հայության համար դարձնել տնտեսական, ֆինանսական ու մշակութային գործունեության նախընտրելի միջավայր եւ զբոսաշրջային կենտրոն:
Հայաստանի բանկային համակարգը պետք է վարի ցածր տոկոսադրույքներով վարկերի քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսական զարգացման առաջնային ուղղություններին: Տնտեսական աճը պետք է դառնա ներառական, այլ ոչ թե սպասարկի 1-2 ոլորտի գերշահույթները:
Ավելացված արժեքի հարկման դաշտում գործող բիզնեսի համար այն իջեցնել մինչեւ 17 տոկոս:
Շահութահարկի չափը դարձնել 14 տոկոս:
Այս առաջարկներն արվում են՝ հաշվի առնելով ինչպես բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այնպես էլ հարեւան երկրների բիզնես-միջավայրերի առանձնահատկությունները, մեզ համար մրցակցային առավելություններ ապահովելը:
Հանրային ֆինանսների ներկա համակարգը ձեւավորվել է այնպիսի ժամանակներում, երբ տեղական ինքնակառավարումը գտնվում էր պետական հովանավորչության տակ։ Մինչդեռ հիմա հանրային ֆինանսների բաշխումը պետք է կատարվի՝ խուսափելով պետական (կենտրոնական իշխանությունների) հովանավորչությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այն է՝ գործարար միավորների պետական հարկերի (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, շրջանառության հարկ) մի մասը (20-40%) պետք է ուղղվի այն համայնքի բյուջե, որտեղ գրանցված է այդ ընկերությունը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել դոտացիաների հանրահայտ համահարթեցման սկզբունքը՝ հարուստ համայնքներից դեպի կարիքավոր համայնքներ:
Տարեկան մինչեւ 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից:
Տարեկան մինչեւ 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կհարկվեն 1 տոկոսի չափով:
Հարկային բեռի մեղմման այս մոտեցումը վերաբերում է նաեւ փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին՝ տաքսու վարորդներին, ինքնազբաղվածներին եւ այլն:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 120 000 դրամի:
Գնաճին զուգահեռ՝ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի չափը եւ կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն ըստ այդ ցուցանիշի:
Նվազագույն կենսաթոշակի չափ սահմանել 80.000 դրամը՝ այն համարժեք դարձնելով նվազագույն սպառողական զամբյուղին:
Երեւան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից թոշակառուները եւ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար:
Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը եւ ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը