Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը եւ «Մայր Հայստան» շարժումը հայտարարություն են տարածել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին:
Հայտարարությունում ասվում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել:
Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանական համակարգի այդ գործելակերպը, ինչը հանգեցրել է Հայրապետյանի՝ Հայաստանից հեռանալուն:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում է պահել իր իշխանությունը՝ սպասարկելով մեր թշնամիների թելադրած օրակարգը:
Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շրջանակներին արձագանքել այս միջադեպին:
Մենք կոչ ենք անում նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներին համախմբվել ու հասնել ամբողջական իշխանափոխության, ինչը ՀՀ անվտանգության ու գոյության ապահովման թիվ մեկ երաշխիքն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը