ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանությունում։
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական խնդիրների մասին հաղորդագրություններով», - ասել է Հակը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումների, ինչպես նաև մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու միջոցների հետ կապված որոշումների կատարման անհրաժեշտության մասին։
«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ հեշտացնելու հասանելիությունը կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու համար», - ասել է Հակը:
Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից փակվել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել։
Հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները մարդասիրական (ավելի քան 360 տոննա) բեռնատարների շարասյուն են ուղարկել, որը կանգնած է Կոռնիջորում եւ Ադրբեջանը թույլ չի տալիս այն Լաչինի միջանցքով հասցնել Արցախ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը