ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է անում օգնել հասնելու կրակի շտապ դադարեցմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆեն Դյուժարիկը, գրել է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդվում է, գլխավոր քարտուղարը դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում շարունակվող էսկալացիան, չնայած ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին։ Նա լրջորեն մտահոգված է ռազմական գործողությունների տարածման, այդ թվում՝ բնակելի գոտիների գնդակոծությունների վերաբերյալ տեղեկություններից, նշել է Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ շեշտում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Նա բոլոր համապատասխան տարածաշրջանային եւ միջազգայիրն խաղացողներին կոչ է անում իրենց ազդեցությունն ակտիվորեն օգտագործել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը հասնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը