29 07 2023

Ինչո՞ւ Արցախի ԱԺ նիստը ուղիղ եթերում չհրապարակվեց

Ինչո՞ւ Արցախի ԱԺ նիստը ուղիղ եթերում չհրապարակվեց

Հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը արտահերթ նիստ էր անում՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ։ Սակայն այդպես էլ եթեր չհեռարձակվեց, այն պարագայում, եթե մինչ այս նիստերը ուղիղ հեռարձակվում էին։

Տպավորություն էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանի՝ նախորդ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանին խիստ քննադատելուց հետո որոշել են զգուշավորություն ցուցաբերել, քանի որ մինչ այս քննադատում էին միայն ընդդիմադիրները։

Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից Yerevan.Today-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդպես էլ չհեռարձակվեց նիստը կամ հետո տեսանյութ չհրապարակվեց, ո՞րն էր պատճառը։

ԱՀ խորհրդարանի պատգամավորն ասաց, որ իշխանությունն օրենքներ էր բերել խորհրդարան, որոնք վատ արձագանք էին ունենալու և հավանաբար՝ հենց դրանով էլ պայմանվորված էր ուղիղ եթերի բացակայությունը։ Ըստ պատգամավորի՝ ընտրովի կամ կոնկրետ ժամկետով նշանակովի մարմիններում նշանակում-ազատումները փոփոխությունների են ենթարկվում այնպես, որ Արցախի Հանրապետության նախագահը երբ ցանկանա՝ ազատի աշխատանքից։

«Մենք հասկանցանք, որ կան պաշտոնյաներ, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ու այդ մարդկանցից ուզում են ազատվել։ Վստահ եմ, որ այդ շարքը շուտով տեսնելու եք։ Պաշտոնանկություններ, քրեական հետապնդումներ, այսինքն այն, ինչ Հայաստանում է արվում»,- ասաց պատգամավորը կարծիք հայտնելով, որ ուղիղ եթեր չլինելու պատճառը իրականության թաքցնումն է։

Ընդդիմությունը փորձել է ազդել այդ և այլ նախագծերի ընդունման վրա, սակայն չի կարողացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ