Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով կործանեց Արցախը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:
«Մինչեւ պատերազմն էլ Փաշինյանի ելույթներից երեւում էր, որ նա արցախցիներիս կողմը չէ, մենք զգում էինք այդ վտանգը մեր նկատմամբ»,- ընդգծեց պատգամավորը:
Նելա Գրիգորյանը Հայաստանի իշխանությունների հանդեպ առաջին անգամ կոշտ հայտարարություն ունեցավ հուլիսի 21-ին, երբ Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստանից պահանջվեց դիմել ՄԱԿ-ին` ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու համար:
Արցախի իշխող ուժի պատգամավորը Հայաստանի վարչապետին մեղադրել էր պատերազմ հրահրելու եւ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Պատգամավորը կոշտ ձեւակերպումներով էր խոսել նաեւ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասին՝ մեղադրելով նրան Արցախի հումանիտար աղետին ֆոնին իր աճեցրած բանջարեղենի լուսանկարները ֆեյսբուքում հրապարակելու համար: Նելա Գրիգորյանը Փաշինյանին դավաճան ու պետական հանցագործ էր անվանել ու կոչ արել հեռանալ:
Պատգամավորն ասաց, որ իր այդ հայտարարությունը համաձայնեցված չի եղել խմբակցության հետ, նա արտահայատել է իր սրտից բխող խոսքերը, որի համար չի զղջում:
«Դա իմ հոգու պոռթկումն էր»,- շեշտեց պատգամավորը:
Նելա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների վերաբերյալ հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը բավականին սուր էր արձագանքել արցախցիների այն հարցերին, որում նրանք դժգոհություն էին հայտնել, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը: Փաշինյանը հայտարարել էր, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար ու սարկազմով ասել, թե «150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:
«150 մլրդ գումար ենք տվել, բադրիջան աճեցրեք՝ առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ։ Բացառված է դա»,- ասել էր Փաշինյանը:
Վարչապետը արցախցի պատգամավորի հարցին ի պատասխան ասել էր, թե իրենց աշխատավարձն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը ու եթե վատն է այդ կառավարությունը, ուրեմն վերադարձրեք այդ գումարը:
Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունները Նելա Գրիգորյանն ասաց.
«Այդ ասուլիսից երեւաց, թե ինչքան է Փաշինյանն ատում արցախցիներիս ու երեսով տալիս Արցախին տված գումարը: Այդ գումարն ինքն իր ջեբից չի տվել: Հայաստանը մատաղն անողը հենց ինքն է, ոչ թե մենք: Իր մտքերը խայտառակություն են: Այո, ես քննադատել եմ Աննա Հակոբյանին, քանի որ այստեղ մարդիկ սոված են, կիլոմետրերով քայլում են, որ հաց հայթայթեն, իսկ ինքը ուտելիքի նկարները դրել է ֆեյսբուքում: Վարչապետի կինը նման բան չպետք է աներ:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ իր կինը Ստեփանակերտի նկուղներում ծերերին էր փորձում ուտելիք հասցնել, մինչդեռ քաղաքում կին ու տղամարդ շատ չկար, ապա ասեմ, որ մենք հանդիպել էինք Աննա Հակոբյանի հետ, ես ասացի նրան՝ գնացեք Նիկոլ Փաշինյանին խնդրեք, որ գնա Մոսկվա, չոքի, աղաչի, որ Պուտինը պատերազմը կանգնեցնի, նա ինձ արհամարհանքով պատասխանեց՝ տիկին ջան, մենք սովոր ենք մեր հարցերը ինքներս լուծել, տեսանք, թե ինչպես լուծեցին մեր հարցերը»:
Արցախի պատգամավորը Հայաստանի ղեկավարությունից պահանջում է բանակցությունների ժամանակ չհայտարարել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որով կործանում է Արցախը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը