18 07 2023

Թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը առավել քան ակնհայտ է․ Արտակ Զաքարյան

Թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը առավել քան ակնհայտ է․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

Նախորդ շաբաթ Բրյուսելում, Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, դրան զուգորդած ՌԴ ԱԳՆ հաղորդագրության և Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի վերաբերյալ հակիրճ կարող եմ ասել հետևյալ.

1. Նիկոլը՝ հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքի, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագիրը, ՔՊ 2021թ. նախընտրական ծրագիրը, ինչպես նաև հակասելով իր իսկ նախընտրական խոստումներին՝ հերթական (երրորդ) անգամ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք: Հարկ է ի նկատի ունենալ, որ սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական “նախաձեռնության” վրա հիմնված հայտարարություն: Այն չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցը անտեսելու և Արցախի բնակչության ինքնորոշման միջազգային իրավունքի հետագա իրացումը բացառելու համար:

2. ԵՄ “միջնորդական” նախաձեռնությունը պետք է բխեր 2017թ. ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրներում վավերացված ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ոգուց և պահանջներից՝ համաձայն որի ԵՄ-ն հանձնառել է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (այն դեյուրե գոյություն ունի) արված և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր սկզբունքներին: Ըստ CEPA-ի, այն հենված պետք է լինի նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ ԵՄ անունից հանդես եկող Շառլ Միշելի նախաձեռնությունը և հայտարարությունները ևս հակասում են ԼՂ հակամարտության կարգավորման ԵՄ պաշտոնական հանձնառություններին: ԵՄ հովանու ներքո տարվող նմանատիպ գործընթացը չի կարող հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և չի բերելու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների, հումանիտար ճգնաժամի անմարդկային ծանր հետևանքների, որի կանխարգելման համար ԵՄ-ն չի ցանկանում կիրառել գործուն միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ: Հասկանալի է, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները, իրենց մերկանտիլ անձնական և խմբային շահերից ելնելով, այս պահին օգտագործվում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես ՌԴ տարածաշրջանային շահերի դեմ ուղղված գործիք՝ որտեղ ԵՄ-ն զբաղվում է աչքակապությամբ և անտեսում է Արցախի ու հայ ժողովրդի օրինական շահերը: Նույն կերպ օգտագործվում է նաև Ադրբեջանի բռնապետական ռեժիմը:

3. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ մեղադրանք էր Փաշինյանին առ այն, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, որով արմատապես փոխվել են  հիմնարար դրույթները, որի պայմաններում 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունն իհարկե հասկանալի է, սակայն պետք է նաև արձանագրել, որ Նիկոլն իր բանավոր հայտարարություններով չի արտացոլում հայ ժողովրդի հավաքական կամքը, չունի որևէ իրավա-քաղաքական հիմք և լեգիտիմ իրավունք՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (որքան էլ այն Հայաստանի համար ունենա կապիտուլյացիոն բնույթ) որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում: Այո՛, այսօր շատ կարևոր է, որպեսզի գործնական ջանքեր գործադրվեն Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու և քաղաքացիների բնականոն կյանքի տարրական պայմաններն ապահովելու համար: ՌԴ ԱԳՆ-ն արդարացիոներն նշել է նաև, որ չի կարելի ԵՄ հովանու ներքո իրականացված հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակի համար, մեղքը բարդել երրորդ երկրների վրա: 

4. Հետաքրքրական էր նաև այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անմիջապես արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ին, իր հիասթափությունն էր հայտնել, որ ի տարբերություն Նիկոլի, ՌԴ ԱԳՆ-ն ավելի մտահոգ է Արցախում ստեղծված ներկա հումանիտար աղետով, միջանցքը բացելու համար Ադրբեջանին ուղղված անհապաղ պահանջով և Արցախն Ադրբեջան համարելու՝ Նիկոլի բանավոր հայտարարություններով: Փաստացվի ստացվել է այնպես, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և թաքնված մեղադրանք Ռուսաստանի Դաշնությանը: Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:

Այսքանից հետո դեռ Հայաստանի այսպես կոչված կառավարիչները առիթ են փնտրում նախկիններին մեղադրելու՝ իբրև թե բանակցային վատ ժառանգության համար: Այն ինչ կարողացել են անել նախորդ նախագահներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ամրագրման համար՝ առավել քան ակնհայտ է ու բավարար: Իսկ այն, թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը՝ նույնպես առավել քան ակնհայտ է ու բավարար փաստարկված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ