Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների աճի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է հայտնվել առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների պաշարների: Դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասել է Զախարովան։
«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիական նպատակներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը դրա երկայնքով», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան արձագանքել է նաև մի շարք ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող թեմային, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություն է նախապատրաստում:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե այդ դեպքում ինչպիսին կլինի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների արձագանքը, Զախարովան նշել է. «Խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը։ Դրանք լինելու են երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը