05 07 2023

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը անտեսող ցանկացած լուծում հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու. Իշխան Սաղաթելյան

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը անտեսող ցանկացած լուծում հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Տեղեկանում ենք Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ՝ Պետեր Վիտանովի (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս), Ժորդի Սոլեի (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուի (Հունաստան) հետ։

«Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանգամանորեն ներկայացրել ենք արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունն ու դրսևորումները։

Կարևորել ենք Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական գործողությունները զսպելու համար:

Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։

Նաև փոխանցել եմ, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը»,- հայտնել է Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ