Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է.
«ՌԴ Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում: Գաղտնիք չէ, որ Կրեմլը կարողանում է մեղմել և շրջանցել պատժամիջոցները նաև մուսուլմանական այն պետությունների շնորհիվ, որոնք չեն միացել պատժամիջոցներին: Եվ Ղուրանի այրման դեպքն արդեն քաղաքական գործոն է դառնում Ռուսաստանի համար:
Վերջերս Դաղստան կատարած այցի ժամանակ Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որտեղ Ղուրան է նվեր ստացել հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովից։ Միաժամանակ Շվեդիայի ոստիկանությունը հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամի առաջին օրը, թույլ է տվել բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի դիմաց Ղուրանի այրմամբ։ Միաժամանակ վարչապետ Ուլֆ Հյալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց ոչ տեղին»։
Նույն օրը տեղի է ունեցել ակցիան՝ մի տղամարդ հրապարակայնորեն պոկել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ խոզապուխտ լցրել ու վառել այն։ ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն անվանել է հավատացյալների իրավունքների խայտառակ խախտում։ Կարծում եմ, որ այս արձագանքները մեր տարածաշրջանում իրենց զգացնել կտան: Մի իրողություն ևս: Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Էրդողանի վրա, պահանջելով վերջինիս վավերացնել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Ինչ է անելու Թուրքիայի նախագահը այս ճակատագրական պահին, չէ որ նա մուսուլմանական աշխարհի գլոբալ առաջնորդի և պաշտպանի դափնեպսակին է հավակնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը