Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եվ այսպես, շուտով կգա 2024թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը, Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում: Ըստ Երևանից հնչող պաշտոնական տեղեկատվության պայմանագրի 80%-ը համաձայնեցված է, մնացածը՝ ոչ: Պայմանագիրը չի կնքվում չհամաձայնեցված հոդվածների պատճառով: Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածության համաձայն պայմանագրի տեքստը գաղտնազերծված և հանրայնացված չէ, որն ըստ էության չի խոչընդոտում հայաստանյան մեդիադաշտում հերոսացող ռահվիրա «քաղաքագետներին» ժամը մեկ հարցազրույցներ տալ և քննդատել ում, որ հնարավոր է: Վոլեյբոլի խաղի նման պայմանագրի տեքստը 10-12 անգամ էլեկտրոնային տարբերակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ թռիչքներ է կատարել , բայց դեռ սեղանին չի դրվել և մնում է օդում կախված: Կհամաձայնեցվե՞ն արդյոք վիճելի հոդվածները, թե ոչ, ինչ ժամկետներում, դժվար է հստակ կանխատեսել, բայց իմ կարծիքով դրա լուծման բանալին անմիջականորեն կապված Է առաջիկա ամիսների գերկարևոր քաղաքական իրադարձությունների ելքի հետ: Փորձեմ թվարկել դրանք: Առաջին. Նոյեմբերի առաջին շաբաթում կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներ: Թրամփի ընտրվելու դեպքում հավանական է զինադադարի կնքում ուկրաինական պատերազմում, որը Պուտինին հնարավորություն կտա ավելի խիստ ճնշում գործադրել կողմերի վրա ռուսական պետական շահերը հաշվի առնելու համար: Երկրորդ. Իսրայել-Իրան առճակատման զարգացումների հետևանքները, որոնք Ալիևի ակտիվության վրա ազդող կարևոր գործոն կդառնան: Երրորդ. Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն ռուսական ազդեցության չափաբաժնի ավելացման առումով, որովհետև ներկա իշխանությունները հստակորեն երկիրը հանում են արևմտյան ազդեցության գոտուց և արդեն վաստակել են Վաշինգթոնի և Բրյուսելի զգուշացումներն ու սպառնալիքները: Չորրորդ. Անկարայի և Բաքվի հարաբերություններում նկատվող նոր միտումները կապված ռուսական ռելսերի վրա տեղափոխվելու և դեպի հյուսիսային հարևան տեղաշարժվելու ադրբեջանական իշխանությունների քայլերի հետ: Այս իրողությունը պարզ է, որ դժկամությամբ է ընդունվելու Անկարայի կողմից: Ալիևը շատ լավ և հստակ գիտակցում է այս իրադարձությունների նշանակությունը և հավանաբար չի շտապում, դեռ ավելին, նրա հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ժամանակ է ձգում առավել նպաստավոր պահի և ավելի մեծ օգոտներով պայմանագիր կնքելու համար: Այս հանգամանքները թելադրում են առավել զգույշ և հավասարակշռված արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունենալ և խուսափել ավելորդ բարդություններից, հատկապես ուժային հարևանների՝ ՌԴ, Թուրքիա, Իրան եռանկյունու նկատմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը