08 11 2024

Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում շատ կարճ ժամանակամիջոցում. Գարիկ Քեռյան

Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում շատ կարճ ժամանակամիջոցում. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում , և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին:

Այս մտքերն են հնչեցվել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ:

Ինչ հետևանքներ՞, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում:

Բայց արի ու տես այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով կարելի է նշել հետևյալը՝

  1. Թրամփի ասածները շատ լուրջ մի ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ
  2. Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության և պետք է քաջալերել նրանց
  3. ԱՄՆ շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը
  4. Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստան ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ:

Եվ այսպես շարունակ:

Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները:

Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք:

Ով է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար որն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարության, թե կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատեք հարգելի գործընկերներ:

Եվ վերջում ավելացնեմ, վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ոչ Վրաստանի ուկրաինացմանը»:

Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ