24 06 2023

Ինչպես է Ալիևը պատրաստվում «խաղաղության»․ վերլուծական

Ինչպես է Ալիևը պատրաստվում «խաղաղության»․ վերլուծական

7or.am-ը գրում է․

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նստում-ելնում է, «խաղաղության օրակարգից», կոմունիկացիաներ բացելուց, Արցախն ադրբեջանական հռչակելուց է խոսում և իր գործած ոճիրներն այլոց վրա «նաղդելու» «մուղամներ» է զլում, հայտնի և առօրյա իրականությունն է: Այն օրն էլ, կառավարության նիստում համ ասում է, թե Ադրբեջանը ճամփան փակել է և չի թողնում Արցախ ոչ մի բեռ մտնի, համ էլ խոսում է Հայաստանի ու հայության այդ երդվյալ թշնամու հետ հաշտություն ու խաղաղություն կնքելուց:

Հետաքրքիր է, իսկ Ալիևն ինչպե՞ս է պատրաստվում «խաղաղության»:

Լրահոսը գրեթե ամեն օր բերում է նաև այդ հարցի պատասխանները: Ահավասիկ, այսօրն էլ բացառություն չէր:

Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարիք չկա, իսկ նման «պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու»: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների սիրելի Բայրամովը հրաժարվել է Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց:

Եթե Բայրամովի ասածները «թարգմանենք», ապա նա բացեիբաց ասում է, որ իրենք պատրաստվում են բնաջնջել Արցախի հայերին՝ մեծից փոքր: Առնվազն՝ հայաթափել Արցախը: Իսկ ադրբեջանական թուրքերը ե՞րբ են թաքցրել իրենց այդ նպատակները ու ե՞րբ են դրանցից հրաժարվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիևին, ապա նա էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների ձեռքբերման համար․

«Պատերազմից հետո շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ՝ ավերիչ հզորություն ունեցող և բարձր ճշգրտության մեծ հեռահարության հրթիռների վերաբերյալ»:

Զարմանալի է, տեսնես այդ ո՞ւմ, այդ ո՞ր երկրի դեմ է Ադրբեջանը պատրաստվում ավերիչ ու ճշգրիտ հարվածող հեռահար հրթիռներ կիրառել: Չլինի՞ Թուրքիային են հարվածելու կամ, ասենք, Թուրքմենիային:

Դառը սարկազմ է, իհարկե: Չնայած, ոչ պակաս դառը հարց ծագում է: Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նման տեմպերով Ադրբեջանին զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները, ադրբեջանական կողմի ինչի՞ն են պետք հեռահար հրթիռներ, անգամ պարսատիկներով կարող են հարվածել:

Էլ չենք խոսում այն հայտարարությունների մասին, որոնք Ալիևն արել է՝ կապված Հայաստանի ու սահմաններն իր ուզածով գծելու մասին: Իսկ Ալիևի ուզածը, ինչպես հայտնի է, Հայաստանի չգոյությունն է և այն «Արևմտյան Ազերբայջան» հռչակելը:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի նախանշած «ապագան»: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասում է՝ «խաղաղություն», դա ընդամենը նշանակում է, որ նա մի քայլ էլ է մոտեցրել Հայաստանի վախճանը: Կարելի է չկասկածել, որ երբ իր սատանայական ու թրքահոտ ծրագիրը Փաշինյանն արդեն իրագործած լինի, իր ֆիրմային քմծիծաղով կնայի ոչնչացած Հայաստանին ու կնետի. «Արա, ես ասում էի՝ խաղաղություն, բայց էս հարիֆ ու հիմար հայերը էդպես էլ չհասկացան, որ ես գերեզմանային խաղաղության մասին էի ասում...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ