21 06 2023

Փաշինյանը ստում է․այդ օրը Շուշիի պահպանմամբ հրադադարի հնարավորություն կար․ Մամիջանյան



«Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«2020-ի նոյեմբերի 12-ին 20 հազարի մասին է ասել, 25-ին 30 հազար զինվոր էր փրկում, իսկ հիմա, պարզվեց՝ 25 հազար: Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Դա նաև երևում է իր գործողությունների հետագծից»,-նշեց բանախոսը:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին․«Գիտեք, որ մեր կուսակցությունից մասնակցում էր Էդուարդ Շարմազանովը և ինքը՝ պարոն Շարմազանովը, իր գրառումներում և հարցազրույցներում դրա մասին բազմիցս ասել է, բայց ես ևս մեկ անգամ կկրկնեմ: Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր, իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին կամ Սյունիքով միջանցքի տրամադրումը:

Սկսենք Շուշիի թեմայից. Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Անցնենք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին: Այդ տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է: Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը պարզապես ստում է: Այդ օրը Շուշիի պահպանմամբ հրադադարի հնարավորություն կար»:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ, ըստ Մամիջանյանի, նույն բանն է նախատեսվում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ պետք է ճանապարհի տրամադրում իրականացվի.«Այսինքն՝ երկու կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ