15 06 2023

Երբևէ որևէ թուրք պաշտոնյա չի խոսել այս և այլ ոճրագործների արձանների կանգնեցման նպատակահարմարության մասին․ Ռուբեն Մելքոնյան

Երբևէ որևէ թուրք պաշտոնյա չի խոսել այս և այլ ոճրագործների արձանների կանգնեցման նպատակահարմարության մասին․ Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում մոլեգնող կեղծ պրագմատիզմի և խաղաղասիրության համապատկերում՝ թեմայից բացարձակ անտեղյակ մարդիկ շարունակ խոսում են Նեմեսիս գործողության, վերջերս տեղադրված համանուն հուշարձանի և դրա նպատակահարմարության մասին: Այս հարթակում իմ գիտական հոդվածները հաճախ չեմ տեղադրում, սակայն այս դեպքում որոշեցի տեղադրել դեռևս 2015 թ. հրատարակված հոդվածս, որը վերաբերվում է Թուրքիայում Նեմեսիս գործողության և հենց թուրքական դատարանների որոշումներով ոչնչացված թուրք հանցագործների՝ Թալեաթի, Ջեմալի և այլոց, պետականորեն հերոսացմանը և նրանց օրենքով «ազգային նահատակ» կոչման շնորհմանը: Հղումը՝ մեկնաբանության մեջ:
«1926 թ. մայիսի 29-ին Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց օրինագիծ, որը վերնագրված էր՝ «Հայկական հանցագործ կոմիտեների կողմից սպանված կամ էլ տարբեր կերպ հալածանքի ենթարկված պետական գործիչների ընտանիքներին անշարժ գույքի և հողատարածքի տրամադրման վերաբերյալ օրենք»: Օրենքի ընդունման հիմնավորման մեջ բառացիորեն նշված է. «Սա մի քայլ է, որով ազգը իր վշտակցությունն է հայտնում մեծ հույսերին և նպատակներին հետամուտ և այդ ճանապարհին իրենց կյանքը զոհած բարձրաստիճան անձանց ընտանիքներին և զավակներին ու նյութապես զորակցում նրանց»: Օրինագիծը միաձայն քվեարկությամբ ընդունվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ մտնում 1926 թ. հունիսի 27-ին (թիվ 882 օրենք): Այդ որոշման տակ ստորագրել են Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, վարչապետ Իսմեթ Ինոնյուն և բոլոր նախարարները:
Հ.Գ. Իսկ լուսանկարում օսմանյան դատարանի կողմից հազարավոր հայերի սպանդի կազմակերպման համար կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Քեմալ բեյի արձաններից մեկն է կանգնեցված Թուրքիայում և երբևէ որևէ թուրք պաշտոնյա չի խոսել այս և այլ ոճրագործների արձանների կանգնեցման նպատակահարմարության մասին, այն էլ՝ անհիմն ինքնավստահ տոնայնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ