«Որևէ շոշափելի օգուտ ակնկալել պետք չէ, հակառակը, անվտանգային ռիսկերի տեսանկյունից պետք է դիտարկել լոգիստիկ այդ նախագիծը»,- Yerevan.Today-ի տաղավարում նման համոզմունք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա- Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկմանը։
«2018 թվականին տեղի ունեցած հայտնի փոփոխություններից հետո Հայաստանն աստիճանաբար սկսեց դուրս մղվել հյուսիս-հարավ լոգիստիկ ռազմավարությունից՝ նախապատվությունը տալով՝ արևելք-արևմուտքին․ մինչդեռ, եթե մենք կարողանայինք ապահովել Հայաստանի տրանսպորտային զարգացման ռազմավարությունը հենց հյուսիս-հարավ լոգիստիկայի ներքո, ապա ակնհայտ է, որ այն կապահովեր զարգացում տնտեսական համակարգի համար, քանի որ, պատկերցրեք մի տրանսպորտային համակարգ, որն անցնում է Հայաստանի Հանրապետության ողջ երկայնքով և ապահովում է բազմաթիվ նախագծերի իրականացում, տուրիզմի զարգացում, ֆինանսական տարբեր ինստիտուտների ձևավորում և այլն․ այնպես որ, զուտ տնտեսական առումով, որևէ ակնկալիք պետք չէ ունենալ վերոնշյալ երկաթուղու գործարկումից»,-ասաց Վահե Դավթյանը՝ հավելելով․ « 2018 թվականից ի վեր գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն անցնում է Ադրբեջանի և Թուրքիայի համար լիովին անվտանգ պայմաններում, այսինքն՝ Վրաստանում չկան լուրջ աշխարհաքաղաքական խնդիներ, չկան տարածքային հարցեր և այն, և չնայայծ որ այդ երկաթուղին կապում է Ադրբեջանը Թուրքիային այսօր աշխատում է բավականին ցածր ծանրաբեռնվածությամբ, թողունակությունը կազմում է տարեկան 6 միլիոն տոննա բեռ․․․Երբ ՀՀ կառավարությունը խոսում է, որ Հայասանի հարավով անցնող այդ կոմունիկացիան բերելու է լուրջ տնտեսական էֆեկտ,պետք է միանգամից զուգահեռ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ, որն ունենալով բավականին բարձր թողունակություն, այնուամենայնիվ, չի կարողանում ապահովել, այսինքն խնդիրն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության առյուծի բաժինն ապահովվում է խողովակաշարային միջոցով, ոչ թե՝ ցամաքային տրանսպոտի միջոցով, ինչպես օրինակ՝ երկաթգիծն է։
Հայաստանի իշխանությունը 3 միլիոն բեռ շրջանառություն ապահովելու հնարավորության մասին է խոսում, թե որտեղից են վերցրել այդ թիվը, անկեղծ ասած, չեմ հասկանում․․․ Ամեն դեպքում, այս ամենը թույլ է տալիս ինձ գալ եզրակացության, որ Հայաստանի հարավով նախագծվող այս երկաթուղին իրականում ունենալու է ավելի շատ ռազմավարական նշանակություն Թուրքիայի և Ադրբեջանի համար, այլ ոչ թե՝ առևտրատնտեսական և ուղղված է լինելու նախևառաջ Նախիջևանի միլիտարիզացիային և, արդեն երկարաժամկետ հեռանկարում ուղղված է լինելու տարածաշրջանում հակաիրանական պլացդարմ ձևավորելուն․ սա արկածախնդրություն է, որին, փաստորեն, մասնակցում է նաև Հայաստանի Հարապետությունը։ Այս կոմունիկացիան օգտագործվելու է, նախևառաջ, ռազմական փոխադրումներ իրականացնելու համար, Հայաստանի տարածքում երկաթուղային այս փոքրիկ միջանցքն իրականում սպասարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումը, մասնավորապես զինտեխնիկայի ռազմամթերքի փոխադրման նպատակով»,-ասաց մեր զրուցակիցը։
«Այս իշխանությունները շատ են խոսում, որ հայկական կողմն է վերահսկելու, իբրև իրական անվտատանգային ռիսկեր այստեղ չկան, բայց իմ համոզմունքը հետևյալն է․ անկախ նրանից, թե սա ինչ կոմունիկացիա կլինի, կվերահսկվի ՀՀ-ի թե ՌԴ-ի կողմից, կամ որևէ երրորդ ինստիտուտի կողմից, (եթե հիշում եք Փաշինյանն ասում էր՝ եկեք դիտարկենք նաև այն տարբերակը, որ ներգրավվենք մասնավոր ռազմական ընկերություն, որը կարող է իր գործառույթներն իրականացնել). այս ամենը հարցի ընդամենը ֆորմալ կամ տեխնիկական կողմն է, որովհետև, եթե անգամ ՀՀ-ն իրականացնի ամբողջությամբ վերահսկողությունը, ապա ակնհայտ է, որ մենք չունենք այն անվտանգային համակարգերը և չունենք անվտանգության՝ հավուր պատշաճի ապահովման այն գործիքակազմերը, որպեսզի կարողանանք վերահսկել այդ կոմունիկացիան։ Նաև հաշվի առնելով օրվա իշխանությունների վարքագիծը և թուրք-ադբեջանական տանդեմի շահերը սպասարկելուն ուղղված իրենց բոլոր քայլերը, անգամ եթե ՀՀ-ն վերահսկի այդ կոմունիկացիան, ապա որտե՞ղ են երաշխիքները, որ այդ վերահսկումը տեղի կունենա հօգուտ Հայաստանի Հանրապետության»,-ասում է փորձագետը՝ հատկանշելով․ «Այսինքն, չապահովելով քիչ թե շատ տնտեսական դրական էֆեկտ մենք մտնում ենք այնպիսի արկածախնդիր գործընթացի մեջ, որը չի կարող դրական ավարտվել մեզ համար»։
Վահե Դավթյանի խոսքով՝ կան տարբեր սցենարներ լոգիստիկ ռազմավարության իրականացման, բայց այդ սցենարների մեծ մասը վերաբերվում է Սյունիքի տարածքի օգտագործմանը։
«Այսինքն՝ Երասխ-Ջուլֆա- Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ ձևավորվում է մի անպիսի կոմունիակցիա, որը կարող է ապագայում թույլ տալ, որ Սյունիքը գնա դեմիլիտարիզացիայի ճանապարհով, չեմ բացառում, որ նման կոմունիկացիոն միջանցք բացելուց հետո մի օր հարց կդրվի Սյունքիում չեզոք գոտի ձևավորելու վերաբերյալ, և սա լինելու է Սյունիքը կորցնելու առաջին քայլերից մեկը»։
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը