7or.am-ը գրում է․ Մայիսի 28-ին, ինչը խորհրդանշական է, տեղի ունեցավ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը: Սկզբունքորեն, նման հասարակական-քաղաքացիական շարժման, նախաձեռնության ձևավորումը սպասելի էր և օբյեկտիվորեն հասունացել էր, առավել ևս՝ առկա իրավիճակում:
Ինչ նկատի ունենք՝ նշելով, որ օբյեկտիվորեն հասունացել էր: Գործող իշխանությունը կամ այն, ինչ համարվում է այդպիսին, Հայաստանն ու Արցախը հանում է կործանման: Արդեն իսկ բացեիբաց հրաժարվել են Արցախից և այժմ, ըստ էության, դրված է Հայաստանի Հանրապետության, առհասարակ, սեփական երկրում հայության լինելիության հարցը:
Սա արդեն ավելին է, քան զուտ անվտանգային հարց կամ սպառնալիք, սա արդեն զուտ քաղաքական հարց էլ չէ: Վերքաղաքական է: Նման պայմաններում, մանավանդ, երբ տարիներով հանրության մեջ սերմանվել է փոխադարձ անվստահություն ամենքի ու ամեն ինչի նկատմամբ, կարելի է ակնկալել, որ իրավիճակում փոփոխություն մտցնելու համար վերկուսակցական մոտեցումներ են պետք, վերկուսակցական շարժում կամ նախաձեռնություն:
«Մայր Հայաստանը» հենց նման վերկուսակցական մոտեցման արտացոլում է: Շարժման նախաձեռնող խումբն իսկապես հասարակական, քաղաքական, քաղաքացիական տարբեր շրջանակների ներկայացուցիչներից է բաղկացած, և դա կարևոր է:
Շարժման անվանումն էլ խորհրդանշական է՝ «Մայր Հայաստան»: Երբ վիճակն օրհասական է, հենց Մայր Հայրենիքն է օգնության կանչում ու մարտի կոչում իր զավակներին:
Չափազանց կարևոր է շարժման նախաձեռնողների ընդգծումը, որ սա ընտրական ինչ-ինչ վայրիվերումների մեջ մտնելու հայտ չէ կամ նախապատրաստություն, ինչի մասին ևս մեկ անգամ շեշտվեց այսօրվա ասուլիսում:
«Մայր Հայաստանը» դրել է այսօրվա օրակարգի ամենից գլխավոր հարցը՝ կատարել իշխանափոխություն, իշխանությունից հեռացնել կործանարարներին: Սա հիմնական հարցն է. երկրի, ժողովրդի հետագային վերաբերող ցանկացած լուծում կամ տարբերակ հնարավոր է միայն մեկ պարագայում ու պայմանով՝ իշխանությունից պետք է հեռացվեն Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը:
Այնպես որ, միանգամայն հստակ է շարժման կոչը. «Մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին: Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է»:
Նմանապես կարևոր է շեշտադրումը, որ «Մայր Հայաստան» շարժումը վերկուսակցական է:
Ընդգծենք՝ շարժման խնդիրը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
Կարևոր է, նաև, որ ի սկզբանե նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո ժամանակավոր կամ անցումային կառավարություն ձևավորելու և դրանից մեկ տարի անց միայն ընտրություններով իշխանություն ձևավորելու մասին:
Բայց մինչ այդ առանցքայինը միավորումն է, այս ծանր պահին բոլոր կարողունակ ուժերին, շրջանակներին, երիտասարդությանը, հայրենակիցներին համախմբելը և Արցախի, Հայաստանի կործանումը թույլ չտալը, Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբին իշխանությունից հեռացնելը:
«Մայր Հայաստան» շարժումն առաքելություն ունի՝ միավորել և ազատել երկիրը կործանիչներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը